Աշխարհում եւ Հայաստանում համացանցի բազմալեզվության ապահովման գործընթացներն են ներկայացվել Երեւանում մարտի 31-ին տեղի ունեցած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» տարածաշրջանային համաժողովում։
Արդեն չորրորդ անգամ այն կազմակերպել էր «.am» եւ «.հայ» դոմենների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ միջազգային «Համընդհանուր ընդունում» շարժման եւ այդ առիթով նշվող օրվա՝ UADay2026-ի շրջանակում։ Համաժողովին մասնակցում էին բազմալեզու ինտերնետի զարգացման գործընթացի հիմքում կանգնած միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Դոմենային անունների եւ IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցինչներ։
Համաժողովին ներկա էին նաեւ տեխնիկական համայնքի ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատությունների սովորողներ եւ տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձինք։
«Ավելի քան 120 երկրներ եւ տեխնոլոգիական հսկաներն արդեն գիտակցել են համացանցի բազմալեզվության կարեւորությունը ոչ միայն կրթական եւ մշակութային, այլեւ՝ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Պատահական չէ, որ Apple-ը, Google-ը, Microsoft-ը եւ այլ խոշոր կազմակերպություններ ստեղծել են Համընդհանուր ընդունման կառավարման խումբը (UASG) եւ ամեն ինչ անում են գործընթացն առաջ մղելու համար։ Հայաստանը՝ ի դեմս մեր կազմակերպության, արդեն մի քանի տարի այս գործընթացների մասնակից է։ Տեղական մակարդակով ինչ-ինչ խնդիրներ արդեն լուծել ենք եւ պատրաստ ենք միանալու միջազգային լուծումներին», - նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորդհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Համաժողովի օրակարգում էին տարբեր լեզուներով բովանդակության ստեղծման, թվային ենթակառուցվածքների վերափոխման եւ դրանց բազմալեզու գործարկման հնարավորության մասին հարցերը։
Բազմալեզու ինտերնետը, ըստ Microsoft-ի վերջին հետազոտությունների, խթանում է երկրների տնտեսական ակտիվությունը, քանի որ մարդիկ ավելի ակտիվորեն են ներգրավվում համացանցում իրենց մայրենի լեզվով բովանդակության հասանելիության դեպքում։ Քննարկումների առանցքում էր նաեւ «Համընդհանուր ընդունում» շարժման ընդլայնման նպատակով ակադեմիական շրջանակների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության կարեւորությունը։