12:42 | 10.09.25 | Նորություններ | 465
Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։
Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաեւ հարցազրույցների եւ թեստերի արդյունքում։
Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթացել են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին եւ FPV (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական եւ գործնական գիտելիքներ են ստացել ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրել են մրցութային ռազմավարությունները եւ ձեռք բերել համապատասխան հմտություններ։
«Ucom-ում մենք մշտապես ձգտում ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք խթանում են երիտասարդների տեխնոլոգիական կրթությունն ու ստեղծարար մտածողությունը։ FPV դրոնների ուսուցման այս ծրագիրը պատանիներին հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնել իրենց տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, այլեւ գտնել նոր մոտիվացիա՝ շարունակելու կրթությունն այս ուղղությամբ եւ միանալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքին», – նշել է Ucom-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք քայլ առ քայլ տարածում ենք ԱԹՍ մշակույթը Հայաստանում եւ ընդլայնում ենք մեր համայնքը։ Մեր գործընկերոջ՝ Ucom ընկերության աջակցությամբ, FPV դրոնների մրցարշավի իրականացումը եւ երեխաների անվճար դասընթացների մասնակցության հնարավորությունը եւս մեկ քայլով մոտեցրեցին մեզ Հայաստանում այս ոլորտի զարգացման, համայնքաշինության ամրապնդման եւ միջազգային համագործակցության մեր տեսլականին», - ասել է «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական ու գործնական քննություններ եւ ստացել ավարտական հավաստագրեր։ Լավագույն արդյունք ցուցաբերած պատանիները հնարավորություն ունեն միանալու «Արմդրոն համայնքի» հավաքական թիմի կազմին, որը հնարավորություն կտա FPV դրոնների ոլորտում միջազգային մրցարշավների ժամանակ ներկայացնել Հայաստանը։
Ucom-ի եւ «ArmDrone համայնք»-ի համագործակցության շրջանակում այս տարվա մայիսի 25-ին տեղի է ունեցել նաեւ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որն համախմբել է 11-ից 60 տարեկան ավելի քան 40 մասնակցի՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից։