ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի եւ Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը եւ կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաեւ խթանել փոխշահավետ համագործակցությունը եւ նորարարական նախագծերի իրականացումը։

Նախարարն ընդգծել է AWS-ի հետ համագործակցության կարեւորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման եւ միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։

AWS-ի Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերն իր հերթին ներկայացրել է ընկերության փորձը՝ սեփական ենթակառուցվածքների եւ հաճախորդների կիբեռպաշտպանության ապահովման, ինչպես նաեւ տվյալների քաղաքականության եւ արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտներում։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ թվային ինքնիշխանության մոդելին եւ AWS European Sovereign Cloud-ին։ 
Նախարարն ընդգծել է, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները եւ տնտեսական առաջընթացը։

AWS-ի պատվիրակության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի` թվայնացման ոլորտում արձանագրած կայուն եւ շարունակական առաջընթացը, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու եւ համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարեւորությունը։