Միջազգային ինտերնետ կայուն կապի ապահովումը կարող է մարտահրավեր լինել դեպի ծով ելք չունեցող երկրների համար: 

Քանի որ ցանցերն այսօր ավելի շատ են ապավինում ծրագրային ֆունկցիաների եւ բովանդակության մատակարարման ցանցերին (CDN), տվյալների կենտրոններն ինտերնետի անխափան գործունեության համար դարձել են ծայրահեղ կարեւոր։ 

Այս եւ այլ թեմաներ են քննարկվել նոյեմբերի 6-ին Երեւանում տեղի ունեցած ArmIGF2025-ում՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում։

ArmIGF 2025-ում Հայաստանի ինտերնետ համայնքի ու համացանցով հետաքրքրված մասնագետների քննարկման թեմաներից էին նաեւ թվային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության եւ օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերը։

«Viva-ի ցանցային ռազմավարությունը հիմնված է կրկնօրինակման, տեխնոլոգիական բազմազանության եւ շարունակական նորարարության սկզբունքների վրա։ Մենք ստեղծել ենք բարձր դիվերսիֆիկացված օպտիկական մագիստրալ, որը միավորում է Եվրոպայի մեր կապի հանգույցները (PoPs)՝ ամբողջությամբ անկախ ցամաքային եւ ստորջրյա երթուղիներով՝ ձեւավորելով դիմացկուն գլոբալ օղակ։ Մեր հիբրիդային ճարտարապետությունը, որը միավորում է ցամաքային ցանցերը, ամպային հարթակը եւ ցանցային ֆունկցիաների վիրտուալիզացիան (NFV), պատրաստվում է հաջորդ փուլին՝ արբանյակային կապի ներդրմանը՝ կարեւորագույն ենթակառուցվածքների առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով։ Մեր վերջնական նպատակը Հայաստանի համար թվային ինքնիշխանության եւ անխափան կապի երաշխավորումն է՝ անկախ հանգամանքներից», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Համաժողովը կազմակերպել էր «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ICANN, RIPE NCC, IGFSA եւ այլ միջազգային գործընկերների աջակցությամբ։