Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա եւ հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին:

Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության եւ ԱԲ ոլորտի առաջընթացում։

Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով եւ NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ 

Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին եւ ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։

Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։

«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին եւ ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով: Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային եւ ԱԲ ապագայի ձեւավորման համար», - նշել է Firebird-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։

Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով` Հայաստանում ձեւավորում են ժամանակակից թվային եւ ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը եւ ներգրավել գլոբալ նորարարություն։

«Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ամուր պետական-մասնավոր գործընկերությունը եւ հանդիսանում են փոխադարձ վստահության եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»,- ասել է նա:

Հայտարարությունում նշվում է, որ այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության եւ անվտանգ առեւտրի ոլորտներում։