ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցությամբ կայացել է «ԵՄ-ի մոտեցումն արհեստական բանականությանը» թեմայով աշխատաժողովի բացումը: 

Այն կազմակերպվել է Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակում։

«Արհեստական բանականությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլեւ` համակարգային փոփոխությունների հզոր գործիք։ Մեզ համար չափազանց կարեւոր է ԵՄ փորձի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը՝ ձեւավորելու համահունչ, հավասարակշռված եւ նորարարությանը չխոչընդոտող կարգավորող միջավայր։ Վստահելի եւ պատասխանատու ԱԲ-ի զարգացումը մեր պետական քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է»,- նշել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Աշխատաժողովը նվիրված է Եվրոպական Միության արհեստական բանականության կարգավորման մոտեցմանը, վստահելի եւ պատասխանատու ԱԲ-ի զարգացման սկզբունքներին, ինչպես նաեւ ազգային կառավարման մոդելներին։ 

Աշխատաժողովին միջազգային փորձագետների մասնակցությամբ թեմատիկ նիստերի ընթացքում կներկայացվի ԵՄ լավագույն փորձը ԱԲ-ի կիրառման, մեծ լեզվական մոդելների, պետական ծառայություններում ԱԲ օգտագործման, հիմնարար իրավունքների, էթիկայի, տվյալների պաշտպանության  եւ անվտանգության հարցերի ու այլ կարեւոր ուղղությունների վերաբերյալ։

Միջոցառումը կանցկացվի փետրվարի 10-11-ը՝ պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։