17:41 | 19.02.26 | Հոդվածներ | exclusive 198

Chapta․ գրքերի Tinder Հայաստանում

Հայաստանում ընթերցանության մշակույթը վերջին տարիներին նորից ակտիվանում է․ մարդիկ ավելի հաճախ են գիրք կարդում, քննարկում, փնտրում նոր հեղինակներ։ Այդ աճող հետաքրքրության ֆոնին էլ ծնվել է Chapta հավելվածի գաղափարը՝ գրքերի փոխանակման եւ ընթերցող մարդկանց միավորող նոր հարթակը։

Chapta-ի համահիմնադիր Ռոբերտ Էլիբեկյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի ստեղծման, առանձնահատկության, ընթերցասերների համայնք ձեւավորելու ցանկության մասին։

Ֆինանսականից դեպի ՏՏ ոլորտ եւ Chapta-ի ստեղծում

Կարիերաս սկսել եմ ֆինանսական ոլորտում, սակայն վեց տարի առաջ տեղափոխվել եմ տեխնոլոգիական դաշտ։ Սկսեցի որպես պրոդուկտի ղեկավար աշխատել PicsArt-ում, որտեղ էլ ծանոթացա Chapta-ի համահիմնադրի՝ Կոնստանդինի հետ, որն ինժեներական թիմի ղեկավարն էր։ Ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները գործնականից վերաճեցին ընկերականի: 

Հետո աշխատանքի հրավերով գնացի Ամստերդամ, սակայն մեկ տարի անց վերադարձա Հայաստան ու այժմ աշխատում եմ Adobe ընկերությունում։

photo © Մեդիամաքս


Միշտ շատ եմ կարդացել եւ տարիների ընթացքում կուտակել բազմաթիվ գրքեր։ Ցանկություն ունեի կիսվել դրանցով այլ ընթերցողների հետ կամ էլ փոխանակել, նորերը ձեռք բերել։ 

Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում ընթերցանությունը նորից ակտուալ է դարձել, գրքերը, սակայն, համեմատաբար թանկ են, հատկապես՝ բնօրինակ տարբերակները։ Մեկ գիրքը կարող է արժենալ 5 000-ից 10 000 դրամ, ինչն այդքան էլ մատչելի չէ։ Եվրոպայում աշխատելու տարիներին տեսել եմ շրջանառվող տնտեսության (Circular Economy) լայն տարածումը։ Եվրոպայում ամեն ինչ փորձում են շրջանառել, այդ թվում՝ գրքերը։ Այդպես առաջացավ Chapta-ի գաղափարը՝ գրքերը փոխանակելու եւ համանման մտածող մարդկանց համախմբելու նպատակով։

Dating հավելվածների մեխանիզմի կիրառումը

Chapta-ն ստեղծվել է որպես Telegram հավելված, ինչը կարող է թվալ ոչ ստանդարտ լուծում։ Telegram-ը Հայաստանում բավականին մեծ տարածում ունի։  

Փորձել ենք մշակել dating հավելվածների նման, ներդրել ենք սվայփի մեխանիզմը, ինչն արագ տարածվող սոցիալական մոդել է։ 

photo © Մեդիամաքս


Օգտատերերը կարող են սվայփի միջոցով տեսնել այլ օգտատերերի առաջարկած գրքերը, ներբեռնել ու առաջարկել իրենցը։ Chapta-ում մարդիկ չեն կարող ուղղակի գրել իրար։ Հաղորդակցման չատը բացվում է միայն այն դեպքում, երբ գրքային համընկնում է տեղի ունենում։ Այսինքն՝ օգտատերերից մեկը հայտ է ուղարկում եւ մյուս կողմն ընդունում է. միայն այդ դեպքում է չատն ակտիվանում։

Տեսանյութը՝ Chapta-ի Instagram-ի էջից

 
 
 
View this post on Instagram

A post shared by Chapta (@chapta.app)



Փոխանակման պայմանները մարդիկ իրենք են որոշում՝ հանդիպելով, ուղարկելով կամ այլ տարբերակով։ Մենք պատասխանատվություն չենք կրում փոխանակման պրոցեսի համար․ պարզապես «կապում» ենք մարդկանց։

Փոխանակումից ավելին․ համայնքի գաղափարը

Մեր նպատակը միայն փոխանակումը չէ։ Յուրաքանչյուր գրքի հետեւում կանգնած է մարդ, պատմություն։ Մենք ուզում էինք սա դարձնել համայնք, որտեղ մարդիկ նոր ծանոթություններ են ստեղծում, գտնում նույն կերպ մտածող մարդկանց։ Chapta-ն փորձում է գրքի միջոցով կապ ստեղծել մարդկանց միջեւ։ 

photo © Մեդիամաքս


Chapta-ի աճի մեծ մասը գալիս է օրգանիկ տարածումից։ Մարդիկ սթորիներում նշում են մեզ, գրքային ինֆլուենսերներն են տարածում։ Instagram-ով մեզ շատ են գրում, նոր գաղափարներ առաջարկում, արագ արձագանքում ենք։

Արագ աճն ու քաղաքի գրքային զարկերակը 

Chapta-ն մեկնարկել է մոտ երկու ամիս առաջ, սակայն արդեն ունենք տպավորիչ թվեր։ Սկզբում հարթակը տարածել ենք միայն ընթերցող ընկերների շրջանում․ մոտ 15-20 ընկեր միացավ մեզ։ Նրանք ավելացրին իրենց գրքերը։ 

Այսօր վիճակագրությունը բոլորովին այլ է․ ունենք մոտ 4500 ավելացված գիրք, շուրջ 700 օգտատեր, մոտ 300-350 փոխանակում եւ ավելի քան 1,7 միլիոն սվայփ գործողություն։ Մեկ օգտատերը միջինում ավելացնում է 5-6 գիրք, բայց կան մարդիկ, որ նույնիսկ 40-45 գիրք են ավելացրել։

photo © Մեդիամաքս


Chapta-ն նաեւ հավաքում է հետաքրքիր տվյալներ՝ քաղաքի ընթերցանության նախասիրությունների մասին։ Մենք կարող ենք հասկանալ՝ տվյալ քաղաքում ամենապահանջված գրքերը որոնք են, ինչ հեղինակների են մարդիկ կարդում։

Մեզ մոտ ամենապահանջվածը Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» գիրքն է, փոխանակման ամենաշատ հայտեր ստացած հեղինակը՝ Ագաթա Քրիստին։

Առաջիկա պլանները, նոր շուկաներն ու մոնետիզացիան

Այս պահին մեր հավելվածն անվճար է։ Ապագայում դիտարկում ենք ներդնել բաժանորդագրությունների մոդել։ Միեւնույն ժամանակ թիմն արդեն աշխատում է iOS եւ Android հավելվածների վրա։ 

photo © Chapta


Այս պահին մեր նպատակը նոր մարդկանց ներգրավելն է եւ գաղափարի տարածումը։ Ծրագրում ենք նաեւ AI գործիքներ կիրառել՝ ընթերցողներին միավորելու եւ քննարկումների հարթակ ստեղծելու համար։ 

Chapta-ի հաջորդ շուկան Վրաստանն է՝ Թբիլիսին։ Այն դիտարկում ենք որպես երկրորդ շուկա։ Հետագայում պլաններ ունենք դեպի Եվրոպական քաղաքներ՝ Ամստերդամ, Բեռլին, նաեւ մուտք գործել ԱՄՆ շուկա։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի