Team Telecom Armenia-ն ամբողջությամբ փոխարինել է 2G ցանցը Հայաստանում՝ դառնալով տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտում նման պատմական փոփոխություն իրականացրած առաջին օպերատորը:

Մեծամասշտաբ այս ծրագրի արդյունքում ընկերության 1000-ից ավելի բազային կայան այժմ աշխատում է բացառապես արդի տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին ապահովելով բջջային կապի եւ ինտերնետի ավելի հուսալի, անվտանգ եւ արագ հասանելիությամբ։ Միաժամանակ, ծառայությունների անխափան տրամադրման նպատակով ընկերությունն այն բաժանորդներին, որոնք նախագծի մեկնարկից առաջ՝ երեք ամսվա ընթացքում օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն է ընձեռել փոխարինելու իրենց հեռախոսները։ Առաջարկից այս պահին օգտվել է 20 000-ից ավելի բաժանորդ, հնարավորությունը դեռ հասանելի է:

Ավելի քան 30 տարի ծառայած երկրորդ սերնդի ցանցի փոխարինման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ռեսուրսներն այժմ օգտագործվում են ամբողջ Հայաստանում ժամանակակից 4G եւ 5G ծածկույթներն ընդլայնելու նպատակով:

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Team-ով ամբողջ Կովկասում առաջինը ստանձնեցինք այս պատասխանատվությունը՝ դառնալով տելեկոմ ոլորտում պատմական կարեւոր էջը փակելու եւ նոր տեխնոլոգիաներին ընդառաջ գնալու առաջնորդը: Այս առանցքային փոփոխությունը հնարավորություն է ստեղծել ոչ միայն արդիականացնելու շարժական կապի ենթակառուցվածքը, այլեւ բարձրացնելու ծառայությունների թվային անվտանգությունը»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

Նոր տեխնոլոգիաներին անցումը ոչ միայն թույլ է տալիս բաժանորդներին միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլեւ զգալիորեն բարձրացնում է ցանցի էներգաարդյունավետությունը եւ թվային անվտանգությունը՝ ապահովելով առավել առաջադեմ, հասանելի եւ կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում: