15:36 | 14.04.26 | Նորություններ | 434
Ապրիլի 18-ին Երեւանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական համաժողովը:
Այն չորրորդ անգամ կմեկտեղի ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, գործարարներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են ԱԲ հայկական հեռանկարով։ Միջոցառմանը հանդես կգա ավելի քան 20 առաջատար բանախոս պետական եւ մասնավոր հատվածներից:
AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները եւ թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաեւ շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։
AI Conf-ի մուտքն ազատ է։ Այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին եւ բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։
AI Conf-ի գործընկերներն են՝ Firebird.ai-ը եւ PMI Science Armenia-ն։ Հովանավորներ՝ Krisp, Formula VC, Elevate AI։ Համաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանը, «Երեւանէն» գիտակրթական հիմնադրամը (YerevanN), Krisp ընկերությունը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։