Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանդիպել է NVIDIA ընկերության ԱԲ ենթակառուցվածքների գլոբալ զարգացման (Global AI Infrastructure Growth) փոխնախագահ Նիկո Կապրեզի եւ Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի ու Ալեքսանդր Եսայանի հետ։

Քննարկումների ընթացքում կողմերը ուսումնասիրել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ շահագործման ոլորտներում։

Տոկաեւը նշել է, որ Ղազախստանը նպատակ ունի առաջիկա երեք տարում դառնալ լիովին թվայնացված երկիր։ Նրա խոսքով՝ NVIDIA տեխնոլոգիաների վրա հիմնված սուպերհամակարգչային կլաստերների գործարկումը կարեւոր քայլ է այդ նպատակի իրականացման եւ երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։

Նա նաեւ անդրադարձել է Էկիբաստուզ քաղաքում նախատեսվող «Data Center Valley» ռազմավարական նախագծին, որի նպատակն է ստեղծել հզոր հաշվարկային ենթակառուցվածք՝ մատչելի էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության եւ հարկային արտոնությունների պայմաններում ներդրողների համար։

NVIDIA-ի եւ Firebird AI-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, ներկայացրել են Հայաստանում իրականացվող նմանատիպ նախագիծը:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են ուսումնասիրել արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման ոլորտում համագործակցության հնարավորությունները։