Ucom-ի եւ staff.am-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Executive Offsite Vol.1 բացառիկ հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին եւ պետական պաշտոնյաներին՝ քննարկելու կազմակերպությունների զարգացման նոր ուղիները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական միջավայրում։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Change School-ի հիմնադիր Վիրեն Լալլը քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը որոշումների կայացման վրա, ինչպես նաեւ այն կառուցվածքային խոչընդոտները, որոնք հաճախ դանդաղեցնում են խոշոր կազմակերպությունների զարգացումը։ 

«Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական հնարավորություններով, այլեւ արագ փոփոխություններին հարմարվելու կարողությամբ։  Կառավարման, որոշումների կայացման եւ համագործակցության մոդելներն ակտիվորեն փոփոխվում են, եւ առաջնորդների կարեւորագույն խնդիրն է կառուցել ճկուն ու ապագայի փոխակերպումներին պատրաստ կազմակերպություններ։ Ucom-ում մենք կարեւորում ենք նման հարթակների ձեւավորումը եւ գործընկերների հետ նման թեմաների քննարկումը»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսօր մենք գործում ենք մի համակարգում, որտեղ տեխնոլոգիաները, կապիտալը եւ աշխարհաքաղաքականությունը վերափոխում են խաղի կանոնները։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր վստահության միջավայր, որտեղ առաջնորդները կարող են դուրս գալ ամենօրյա գործառնական խնդիրներից եւ քննարկել այն հիմնարար փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ապագայի կազմակերպություններ կառուցելու համար», -  նշել է staff.am էկոհամակարգի հիմնադիր Լուիզա Ավետիսյանը։ 

Միջոցառման ընթացքում թեմատիկ քննարկումներ են կայացել տեխնոլոգիական տրանսֆորմացիային եւ արհեստական բանականության դերի, կենտրոնացված վերահսկողության եւ ինքնավարության հավասարակշռության վերաբերյալ, ինչպես նաեւ անկայուն միջավայրում կապիտալի արդյունավետ կառավարման մասին։