Հայաստանում աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտը վերջին տարիներին ակտիվ զարգացում է ապրում, եւ այդ գործընթացի առանցքային խաղացողներից մեկը 2021 թվականին հիմնադրված հայկական Geovibe ընկերությունն է, որը վերջերս իր լուծումները ներկայացրել է Japan IT Week-ում։
Ընկերության համահիմնադիր Էրիկ Գյուլազյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է Geovibe-ի ստեղծման, Հայաստանի համար GIS-ի ռազմավարական նշանակության, միջազգային շուկաներում ընկերության հավակնությունների եւ ինչպես կարող է քարտեզագրումը փոխել քաղաքների, պետական կառավարման եւ նույնիսկ կրթության ապագան։
Geovibe-ի գաղափարն ու ստեղծումը
Geovibe-ը ստեղծվել է 2021 թվականի սկզբին։ Գաղափարը մշակել ենք թիմով՝ ոգեշնչվելով ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Գարօ Արմենից։ Նախագիծը իրականացնում են Բագրատ Բալաբանյանը, ով ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ աշխարհում GIS ոլորտի առաջատար մասնագետներից մեկը, Geovibe-ի հրաշալի թիմը եւ ես։ Ես էլ երկար տարիներ ներկայացնում եմ դոկտոր Գարօ Արմենի հետաքրքրությունների շրջանակը տարածաշրջանում։
Geovibe-ը ստեղծել ենք, որ նպաստենք Հայաստանի համար ռազմավարական կարեւորագույն ոլորտներից մեկի՝ աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) զարգացմանը եւ որ այն ծառայեցնենք Հայաստանի առաջխաղացմանը։
Նաեւ հանդիսանում ենք Esri Partner Network Gold անդամ։
GIS-ը պարզապես քարտեզ չէ
Շատերը GIS-ը նույնացնում են միայն քարտեզների հետ, մինչդեռ իրականում այն շատ ավելի լայն գիտություն է։ GIS-ն աշխարհատեղեկատվական համակարգերի գիտություն է․ կապված է լոկացիայի, ժամանակի, տարածության, տվյալների եւ վերլուծության հետ։ Այս համադրությունը թույլ է տալիս կյանքի տարբեր ոլորտներում կայացնել խելացի եւ իրազեկ որոշումներ։
Աշխարհում GIS ոլորտը հաճախ անվանում են «The Science of Where»՝ «որտեղի» գիտություն։
Երեւանի GIS գեոպորտալը՝ քաղաքի թվային կառավարման հիմքում
Geovibe-ի ամենանշանակալի նախագծերից մեկը Երեւանի քաղաքապետարանի հետ իրականացված GIS գեոպորտալն է, որն այսօր դարձել է մայրաքաղաքի թվային կառավարման առանցքային հարթակներից մեկը։
photo © Geovibe
Սա մի ամբողջ թվային միջավայր է, որտեղ միավորվում են տրանսպորտը, աղբահանությունը, բնապահպանությունը, քաղաքաշինությունը, տարբեր գործընկերների ծառայությունները եւ այլ տվյալներ։Այդ ամբողջ համակարգը սկսում է «խոսել» միմյանց հետ։ Այն սիստեմների սիստեմ է։
Քաղաքապետարանը կարողանում է ոչ միայն տեսնել՝ ինչ է տեղի ունենում տվյալ պահին քաղաքի տարբեր հատվածներում, այլեւ հասկանալ՝ ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, համադրել եւ մոդելավորել ցանկալի արդյունքը։
photo © Geovibe
Այս նախագիծը միջազգային բարձր գնահատականի է արժանացել․ 2025-ին Սան Դիեգոյում Երեւանի քաղաքապետարանի հետ միասին ստացանք «Special Achievement in GIS Award»-ը, որը ոլորտի ամենահեղինակավոր միջազգային տեխնիկական մրցանակներից է։
GIS կրթությունը ՀայաստանումGeovibe-ի փիլիսոփայության ամենակարեւոր կետերից մեկը ակադեմիական կրթությունն է։ Մենք զարգացնում ենք GIS գիտությունը դպրոցներում, համալսարաններում եւ ակադեմիական միջավայրում, որպեսզի Հայաստանում ձեւավորվի ամուր հիմք եւ միջազգային մակարդակի մասնագետներ։ ՔՈԱՖ-ի հետ համատեղ Լոռու COAF Smart Center-ում արդեն ներդրել ենք GIS-ի ինստիտուցիոնալ դասընթացներ։
Համագործակցում ենք տարբեր կրթական հաստատությունների հետ եւ ներդրումներ կատարում այդ ուղղությամբ։
Geovibe-ի առանցքը թիմն էԱռանց ուժեղ թիմի հնարավոր չէ հաջողել։ Մեզ համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլ նաեւ մարդկային որակները։ Մեր թիմում ընդգրկված են GIS մասնագետներ, տվյալագետներ, համակարգային ինժեներներ, ծրագրավորողներ, նախագծերի կառավարիչներ եւ բիզնեսի զարգացման մասնագետներ։
photo © Geovibe
GIS ոլորտը շատ բարդ եւ նեղ մասնագիտական ոլորտ է։ Այստեղ պարզապես հնարավոր չէ «օդից» գալ ու սկսել աշխատել։ Այն պահանջում է գիտելիք, փորձ, համբերություն եւ մեծ ներդրումներ։
Ճապոնիայի IT Week-ում հայկական Smart City լուծումներըՄիշտ փորձում ենք միջազգային միջոցառումներին մասնակցել այնպես, որ ներկայացնենք եւ՛ Geovibe-ը, եւ՛ Հայաստանը։
Այս տարի մասնակցել ենք Ճապոնիայում անցկացվող IT Week տեխնոլոգիական ցուցահանդեսին «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի կազմում։
Ճապոնիայի IT Week-ն աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական հավաքներից մեկն է։ Հայաստանը ներկայացված էր մոտ 10 ընկերությամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ JICA-ի նախաձեռնությամբ։ Մենք նույնպես ընտրվել էինք այդ ծրագրի շրջանակում։
photo © Geovibe
Մեր Smart City լուծումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ճապոնական շուկայում։ Մեր կոնցեպտը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։
Ճապոնիայում մի քանի հրաշալի հանդիպումներ ունեցանք խոշոր կորպորացիաների հետ եւ հիմա արդեն աշխատում ենք այդ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Ճապոնական շուկան բարդ է, սակայն երկարաժամկետ հեռանկարում մեծ արժեք ունի։ Ճապոնիան շատ յուրահատուկ երկիր է։ Այն պահանջում է ժամանակ, համբերություն եւ վստահության ձեւավորում։ Բայց երբ համագործակցությունը սկսվում է, այն կարող է տասնյակ տարիներ շարունակվել։
Geovibe-ի բիզնես մոդելն ու թիրախային շուկանՄենք ստեղծել ենք առողջ եւ կայուն բիզնես մոդել, որպեսզի ընկերությունը ճիշտ հիմքի վրա զարգանա։ Ստացվող շահույթի զգալի մասը ուղղվելու է ՔՈԱՖ-ի միջոցով Հայաստանի մարզերի եւ համայնքների զարգացմանը, մեր երկրի երեխաների եւ երիտասարդների՝ այսօրվա եւ ապագայի համար արդիական գիտելիքների եւ կարողությունների հղկմանը։
Էրիկ Գյուլազյանը
photo © Մեդիամաքս
Այսինքն՝ Geovibe-ը շահույթ հետապնդող ընկերություն է, բայց այդ շահույթի ուղղորդվող միտումը Հայաստանի կարողությունների կայուն եւ երկարաժամկետ զարգացումն է։
Մեզ համար հետաքրքիր շուկաներ են Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արեւելքը եւ ԱՊՀ երկրները։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը մեզ համար կարեւոր ուղղություն է։ Այս ոլորտում տարբեր երկրների ընկերություններ հաճախ համագործակցում են երրորդ երկրներում իրականացվող նախագծերի շուրջ եւ մենք նույնպես զարգացնում ենք այդ ուղղությունը։
photo © Geovibe
Մենք համագործակցում ենք պետական եւ մասնավոր տարբեր կառույցների հետ՝ գյուղատնտեսության, առողջապահության, տնտեսության, բնապահպանության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի եւ շատ այլ ոլորտներում։ Ծրագրեր ենք իրականացնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որտեղ GIS-ի միջոցով հնարավոր է համակարգերը վերլուծել եւ առաջարկել ավելի օպտիմալ լուծումներ բիզնեսի եւ շահառուների համար։
Միաժամանակ, Հայաստանի GIS էկոհամակարգի զարգացումն ընկերության համար ռազմավարական առաջնահերթություն է մնում։
Նունե Գրիգորյան Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի