Երեւանում արդեն երրորդ տարին անընդմեջ կայացել է թվային ֆինանսների եւ նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ը։

Ֆորումը, որը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել էր պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձել է փողի էվոլյուցիային` բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչեւ թղթադրամ եւ կրիպտոարժույթ:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել: Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձեւավորող միավոր եւ կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց»,- նշել է նա:

Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն էր, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, եւ նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երեւանում նա հանդես եկավ «Յոթ կանխատեսում․ աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային ու ֆինանսական համակարգին։ Նա խոսեց նոր տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ապագայի աշխատաշուկայի մասին։

«Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում։ Այս զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական եւ տնտեսական իրականությունը, եւ վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որին առանց ռազմավարական հաղորդակցության հասնելն ուղղակի անհնար է։  Այս պայմաններում, առավել քան երբեւէ, կարեւորվում է գաղափարակիր առաջնորդների դերը, ովքեր խրախուսում են նորարարական մշակույթն ու իրենց թիմերին պատրաստում մեծ փոփոխություններին, որպեսզի նրանք ավելի համարձակ լինեն փորձարկելու, մարտահրավեր նետելու եւ կիրառելու նոր տեխնոլոգիաները»,- նշել է Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։

Գաղափարակիր ելույթների ու պանելային քննարկումների առանցքում թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն էին, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի եւ գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կատարվեց փողի պատմությանը՝ բարտերից մինչեւ կրիպտո, թվային արժույթների կարգավորման դաշտի առանձնահատկություններին, առկա կիբերանվտանգության խնդիրներին ու դրանց հաղթահարման մեխանիզմներին։

Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով` թվային արժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու, բայց ապագան կրիպտոարժույթներինն է:

«Թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաները եւ հնարավորություն ունեն օգտվել այս փոփոխություններից: Կարծում եմ` այս շրջանն ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների եւ ընդհանրապես փողի պատմության մեջ»,-ասել է Հենրի Արսլանյանը:

Ֆորումն այս տարի համախմբել է շուրջ 20 խոսնակի Հայաստանից եւ արտերկրից։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: