16:15 | 25.04.25 | Նորություններ | 925
Հայաստանի կապի երեք օպերատոր Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա Արմենիան 2025թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 7.29 մլրդ դրամի հարկ, ինչը 12․7%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա տվյալներով վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 8.35 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2025թ. առաջին եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 3.42 մլրդ դրամի հարկ, ինչը 26․1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2025թ. առաջին եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 14-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8-րդ տեղի փոխարեն:
Խոշորագույն հարկատուների ցանկում երկրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (24-րդ տեղ 31-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 2.34 մլրդ դրամ հարկ, ինչը 27.4%-ով ավելի է 2024թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 1.53 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 18.8%-ով, այն ընդհանուր հարկատուների ցանկում 28-րդից դարձել է 47-րդը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (306-րդ տեղ՝ 280-ի փոխարեն, 0.26 մլրդ դրամ, աճ՝ 2.8%):
Աննա Այվազյան