16:43 | 28.04.25 | Նորություններ | 465
Արհեստական բանականության (AI) հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաեւ կիբեռանվտանգության կանոնները ներկայացվել են ITU-ի «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում ապրիլի 26-ին Ջերմուկում տեղի ունեցած դասընթացին։
«Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրով դասընթացը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները։
«Արդեն ութերորդ տարին է, ինչ մեր կազմակերպությունը միանում է այս միջազգային նախաձեռնությանը՝ Girls in ICT արշավին։ Այս տարի գալով Ջերմուկ՝ փորձել ենք միջոցառումը հասանելի դարձնել նաեւ մարզաբնակ կանանց ու աղջիկներին՝ ցույց տալով, որ ՏՀՏ ոլորտը բաց է բոլորի համար»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։
Դասընթացին մասնակցել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք եւ Ջերմուկ քաղաքների ավելի քան 20 կին՝ մասնագիտական տարբեր ոլորտներից։
«Աշխատում ենք հասարակության տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի համար թվային կրթության, մեդիա գրագիտության եւ, իհարկե, AI-ն առօրյայում կիրառելու հմտությունները զարգացնելու եւ ռիսկերը կանխելու հնարավորություն ստեղծել»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը միջազգային մակարդակում չի գերազանցում 20%-ը։ Հայաստանում նույն ցուցանիշը շուրջ 40% է։ Ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, սա համեմատաբար բարձր արդյունք է, սակայն դեռեւս շատ բան կա անելու կանանց եւ աղջիկների հնարավորություններն ընդլայնելու համար։
«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավը նախաձեռնել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Նպատակը կանանց եւ աղջիկների ներգրավվածության ընդլայնում է ՏՀՏ ոլորտում։ Անցած 11 տարիներին աշխարհում իրականացվել է ավելի քան 11,590 միջոցառում՝ 175 երկրում՝ ներառելով ավելի քան 417,000 կին։ Հայաստանում արշավի շրջանակում 8 տարում անցկացված միջոցառումներին ներգրավվել է շուրջ 360 կին՝ տարբեր տարիքային եւ մասնագիտական խմբերից։