Եվրոպայում հրեշտակային ներդրումները բախվում են մի շարք մարտահրավերների հատկապես վերջին երկու տարում՝ պայմանավորված վենչուրային կապիտալի ակտիվության դանդաղեցմամբ։ Հրեշտակ ներդրողները հանդես են գալիս ոչ միայն կապիտալով, այլեւ` մենտորությամբ, կապերով եւ երկարաժամկետ տեսլականով։
Վերջերս Հայաստանում կայացած “Gateway to EU” միջոցառման ընթացքում Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN) տնօրեն Ջակոպո Լոսսոն itel.am-ի հետ զրույցում պատմել է հրեշտակային ներդրումների պատկերի, AI եւ deep-tech աճի, Հայաստանի առանձնահատուկ ուժեղ կողմերի եւ այն ամենի վերաբերյալ, ինչ պետք է հաշվի առնեն հիմնադիրները գլոբալ աճելիս։
- Ինչպիսի՞ ն է հրեշտակային ներդրումների պատկերն այժմ Եվրոպայում։
- Վերջին երկու տարում ներդրումային շուկան բախվում է աճը պահպանելու մարտահրավերների։ Ինչո՞ւ։ Քանի որ ընդհանուր առմամբ վենչուրային կապիտալի շուկան դանդաղել է, ինչն անմիջականորեն ազդել է նաեւ հրեշտակ ներդրողների վրա։ Ինչպես գիտեք, հրեշտակները ներդրումային շղթայի առաջին օղակներից են։ Նրանք առաջինն են ներդրում անում, հետո սովորաբար հաջորդում են վենչուրային ֆոնդերը։
Հրեշտակները նաեւ կախված են վենչուրային ֆոնդերի ներդրումներից, որպեսզի իրենց աջակցած ընկերությունները շարունակեն աճել։ Եթե տեսնում են, որ հետագա փուլերում հետքայլ կա, հրեշտակները եւս սկսում են ավելի քիչ ներդնել նոր ընկերություններում եւ կենտրոնանում են այն ընկերությունների վրա, որոնց արդեն իսկ աջակցել են։ Այդ ընկերությունները կարիք ունեն կանխիկ միջոցների եւ պետք է շարունակեն աճել, բայց այլեւս չեն կարող գումար ներգրավել վենչուրային ֆոնդերից։
Ջակոպո Լոսսոն
photo © BANA Angels
Հրեշտակները բավականին դիմացկուն են։ Իրենց պորտֆելում գտնվող ընկերությունները պահպանելու նպատակով նրանք ավելի շատ ներդրումներ են կատարել հենց այդ ընկերություններում եւ ավելի քիչ նոր ներդրումներ։ Սա վատ նորություն էր հատկապես այն հիմնադիրների համար, որոնք սկսում էին 2023-ին կամ 2024-ին․ նրանց համար ներդրումների ապահովումը դժվարացել էր։ Այս տարի իրավիճակը փոքր-ինչ կարգավորվում է եւ պատկերն ավելի լավը կլինի։
- Ինչպե՞ս է EBAN-ը արձագանքում արհեստական բանականության եւ խորը տեխնոլոգիական (deep-tech) ստարտափների զարգացմանն ու աճին։- Հրեշտակները սովորաբար ներդրումներ են կատարում երկարաժամկետ հեռանկարով՝ 7, 8, 9, անգամ 10 տարվա հորիզոնով։ Որպես հրեշտակներ արդեն մի քանի տարի առաջ ենք սկսել ներդրումներ անել AI-ի մեջ։ Բացի այդ, աճում է ներդրումների հոսքը դեպի deep-tech եւ գիտության վրա հիմնված բիզնեսներ։ Եվրոպական խորը տեխնոլոգիական ստարտափները հատկապես ուժեղ են գիտական հիմքի առումով, ինչը նաեւ կարող է արգելք ստեղծել։
Հետաքրքրությունը deep-tech-ի նկատմամբ աճում է, նույնիսկ եթե այն դեռ չի դարձել հիմնական ուղղություն։ Երբեմն դժվար է հասկանալ, որ այդ ընկերությունները հաճախ երկար ժամանակ են պահանջում շուկա մտնելու եւ շահութաբեր դառնալու համար։ Զարգացման ճանապարհին դրանք մեծ կապիտալ են պահանջում։
Այս ոլորտը հարմար չէ բոլոր ներդրողների համար, սակայն փորձագետների ցանցերի շնորհիվ նույնիսկ սկսնակ հրեշտակները, որոնք չունեն տեխնիկական գիտելիք, կարող են մուտք գործել այդ ներդրումային ոլորտ։
Ջակոպո Լոսսոն
photo © BANA Angels
Մեկ այլ միտում է նկատվում. AI գործիքների զարգացումը հենց ներդրողների համար։ Օրինակ` արդեն հանդիպում ենք ստարտափների, որոնք օգտագործում են AI-ը՝ մեծածավալ pitch deck-եր զտելու, գնահատականներ տալու եւ համեմատելու համար։ Այսպիսով, բազմաթիվ հետաքրքիր զարգացումներ կան AI-ի միջոցով ներդրումային աշխարհը փոխելու ուղղությամբ։
- Հրեշտակներն այսօր միայն կապիտալի՞ մատակարարներ են, թե՞ նաեւ մենտորներ ու խորհրդատուներ։- Ավելի շատ երկրորդը։ Իհարկե, հրեշտակները ներդրում են անում իրենց սեփական կապիտալով, բայց բիզնես հրեշտակին իրականում հատուկ է նաեւ մենտորության եւ կապերի միջոցով ստարտափին աջակցելը։ Լավագույն օրինակներն են այն ձեռներեցները, որոնք վաճառել են իրենց ընկերությունը կամ դուրս եկել բիզնեսից եւ ցանկանում են աջակցել հաջորդ սերնդին։ Նրանք կիսվում են ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ իրենց կապերով օգնելով ստարտափներին ավելի արագ հաջողել։
- Որո՞նք են ամենամեծ սխալները, որ թույլ են տալիս հիմնադիրները հրեշտակների առջեւ ներկայանալիս։- Հաճախ տեսնում ենք, որ հիմնադիրները թերագնահատում են այն շուկան, որտեղ գործում են, մրցակցության մակարդակը եւ առանձնանալու համար անհրաժեշտ գործոնները։
Ջակոպո Լոսսոն
photo © BANA Angels
Մեկ այլ խնդիր է չափազանց շուտ չափազանց շատ գումար ակնկալելը։ Հիմնադիրները հաճախ չեն հասկանում, թե իրականում որքան գումար է անհրաժեշտ եւ ինչպես դա խելամիտ ձեւով հաշվարկել։ Դա խնդիր է ստեղծում, որովհետեւ հրեշտակները կարող են դուրս մնալ գործարքից պարզապես ներդրման մեծ չափի պատճառով։ Իրականում շատ ստարտափների անհրաժեշտ է մի քանի հարյուր հազար եվրո՝ առաջին 3-4 քայլերը կատարելու համար, իսկ հետո նոր մտածել միլիոններ ներգրավելու մասին։
- Ի՞նչ յուրահատուկ որակներ եք նկատել հայ հիմնադիրների մոտ։- Ես հավանում եմ ձեռնարկատիրական մտածելակերպը, որն այստեղ շատերին է բնորոշ։ Գործելու պատրաստակամությունը անմիջապես տպավորեց ինձ։
Հայաստանում ունեք հիանալի տեխնոլոգիական տաղանդ, ինչն ինձ հաճելիորեն զարմացրեց։ Կան բազմաթիվ կրթական ծրագրեր երեխաների համար՝ Armath-ը, Tumo-ի ծրագրերը եւ այլն։ Ուժեղ ստարտափ էկոհամակարգի հիմքն այն է, երբ կա ձեռնարկատիրական մտածելակերպ՝ զուգակցված ռիսկի պատրաստակամությամբ ու տեխնիկական գիտելիքներով։
- Կխրախուսե՞ք EBAN-ի անդամներին ներդրումներ անել Հայաստանում։- Ամենայն հավանականությամբ։ Հայաստանը արդեն ունի ուժեղ հիմք հրեշտակային ակումբներով, օրինակ՝ BANA Angels-ը, STAN Angels-ը, Angel Investor Club Of Armenia-ն (AICA)։ Նրանք աջակցում են ընկերություններին, որոնք «ծնվում են գլոբալ» հենց առաջին օրվանից։ Սա միջազգային ներդրողների համար շատ գրավիչ է։
Միջսահմանային ներդրումներն, ի վերջո, գալիս են վստահությունից։ Եթե վստահում եմ, որ տեղական հրեշտակային ակումբն արդեն գնահատել է ստարտափը եւ ներդրում կատարել դրանում, ապա իմ որոշումն էլ շատ արագ եմ կայացվում։
- Հայաստանում նոր ներդրումների պլաններ կա՞ն։- “Gateway to EU” միջոցառման ընթացքում ներկայացվել է մի քանի հայաստանյան ստարտափ, որոնք արդեն բաց են ֆինանսավորում հավաքագրելու համար։
photo © BANA Angels
Բացի այդ, ես անձամբ հանդիպեցի հետաքրքիր հայաստանյան ընկերության, որի հետ հնարավոր է լուրջ ներդրում անել, սակայն անուններ չեմ կարող բացահայտել։ Նման միջոցառումների արժեքը հենց այսպիսի գործարքների կայացման մեջ է։
- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ հիմնադիրներին, որոնք ուզում են մուտք գործել եվրոպական կամ, առհասարակ, գլոբալ շուկա։- Միջազգային շուկա մուտք գործելու մասին խոսելն ավելի հեշտ է, քան՝ իրականացնելը։ Խորհուրդս է գումար հավաքագրել այն շուկաներից, որտեղ ուզում եք աճել։ Այդ շուկայում գործող ներդրողները կօգնեն հասանելիություն ստանալ պոտենցիալ հաճախորդների մոտ, ինչպես նաեւ կապվել այլ ներդրողների հետ։
Սկզբնական փուլերում տեղական ֆինանսավորում ստանալը նույնպես կարեւոր է, բայց եթե պատրաստ եք գլոբալ աճել, ժամանակ հատկացրեք միջազգային ներդրողների հետ աշխատելուն։ Եվրոպայի դեպքում ընտրեք ճիշտ երկիր, մի փորձեք միանգամից 20 երկիր մուտք գործել։ Դա մղձավանջ կլինի։
Ջակոպո Լոսսոյի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը