Հիմնադրման պահից Armenian Code Academy (ACA)-ն կրթաթոշակներ է տրամադրել հազարավոր ուսանողների։
2022թ.-ի վերջում ստեղծված Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի (TEF) շնորհիվ այս գործընթացը դարձել է առավել համակարգված։ Ավելացել է թեմատիկ կրթաթոշակների թիվը, որոնք հիմնադրամի միջոցով շահառուներին տրամադրել են նաեւ տարբեր գործընկեր կազմակերպություններ։
Հիմնադրամի գործունեության արդյունքում նոր մասնագիտություն ստանալու, հմտություններն ու գիտելիքը բարելավելու հնարավորություն են ստացել 2023թ.-ին Արցախից բռնի տեղահանված ուսանողները։ Միայն այս ուղղությամբ տրամադրված կրթաթոշակների թիվն անցել է 700-ը։ Կրթաթոշակներ է ստացել նաեւ հաշմանդամություն ունեցող, պատերազմի մասնակից եւ մարզերում բնակվող ավելի քան 300 մարդ։
Itel.am-ի հետ զրույցում TEF հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացած ու ACA-ում դասընթացների մասնակցած Ամալյա Առստամյանն ու Գոռ Սիմոնյանը կիսվել են իրենց փորձառությամբ, պատմել ոլորտում առաջին քայլերն անելու եւ շարունակական կրթության կարեւորության մասին։
«Դարձի՛ր թեստավորող», - «հուշում էին» տեսանյութերը սոցցանցերում
Ծնունդով Արցախից Ամալյա Առստամյանն առաջին մասնագիտությամբ ծրագրավորող է։ 2020թ. Արցախյան պատերազմից հետո դիմել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու որպես մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցիչ մեկնել Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնք։
Ամալյա Առստամյանը
photo © Մեդիամաքս
«Տեղի միջնակարգ դպրոցում դասավանդել եմ երկու տարի՝ 2021-ից 2023թ.։ Երբ ծրագիրս մոտենում էր ավարտին, սկսեցի մտածել՝ ինչով զբաղվել հետո։ Հասկանում էի՝ թեեւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում լինելն ու տարբեր միջոցառումներ կազմակերպելն ինձ դուր է գալիս, բայց ցանկանում եմ վերադառնալ տեխնոլոգիական ոլորտ։ 2023թ.-ին ՀՀ-ում հաստատվելուց հետո հասկացա՝ թեք ոլորտում իմ տեղը գտնելու համար պետք է ավելացնել գիտելիքն ու զարգացնել հմտությունները», - պատմում է Ամալյա Առստամյանը։
Այդ շրջանում ACA-ի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությամբ ծրագրի ուսուցիչ-շրջանավարտների համար կազմակերպվում էին տարբեր ուղղվածության դասընթացներ։
«Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ մասնակցելով UI/UX դասընթացի։ Փորձելը հետաքրքիր էր, բայց վերջում հանձնեցի նախագիծս հստակ գիտակցումով՝ սա իմը չէ», - ժպիտով հիշում է Ամալյան ու ավելացնում՝ որոշ ժամանակ հետո մեկ այլ ուսումնական կենտրոնում մասնակցել է QA դասընթացի.
«Դեռ դասավանդման ընթացքում սոցցանցերում անընդհատ հանդիպում էի տեսանյութերի, որոնք կոչ էին անում՝ «դարձի՛ր թեստավորող»։ Որոշեցի օգտվել այդ «հուշումից», մասնակցել դասընթացի եւ ի վերջո հասկանալ՝ ինչ է սա։ Արդյունքում հիմա աշխատում եմ ոլորտի ընկերություններից մեկում՝ որպես QA մասնագետ
(ժպտում է – հեղ.)։
Ամալյա Առստամյանը
photo © Մեդիամաքս
Կարող եմ ասել՝ սա ես եմ, այս մասնագիտությունը լիովին արտացոլում է բնավորությունս։ Միշտ նկատել եմ բաներ, որոնք ուրիշները չեն տեսել, հեշտությամբ գտել եմ խոցելիություններ տարբեր համակարգերում։ Այնպես որ, հիմա իմ տեղում եմ։ Միեւնույն ժամանակ, երբեք չեմ բավարարվում ունեցած հմտություններով ու միշտ գիտեմ՝ սովորելու բաներ դեռ կան։ Սա է պատճառը, որ երբ սոցցանցերում տեսա ACA-ի հրապարակումը, որում ասվում էր՝ «եթե ցանկանում ես ավտոմատացնել գործողություններդ, դիմի՛ր», անմիջապես անցա հղումով։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ ունեմ կրթաթոշակի հնարավորություն։ Դա էլ գումարած, կատարյալ տարբերակ ստացվեց»։
Ամալյա Առստամյանը շեշտում է՝ կրթաթոշակների տրամադրումը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր ուսանողների համար՝ անկախ սոցիալական վիճակից.
«Այսպիսով որակյալ կրթությունը դառնում է առավել հասանելի, ուժեղանում է ուսանողի մոտիվացիան, ինչն էլ նպաստում է նոր տաղանդների բացահայտմանը: Արդյունքում ձեւավորվում են առաջնորդներ, որոնք ապագայում պատրաստ են մասնակցել իրենց համայնքի եւ երկրի զարգացմանը»:
«Ավտոմատացնել որոշ գործողություններ՝ զարգացնելով ստեղծագործական մոտեցումը» «Երկրորդ դասընթացը, որին մասնակցեցի ACA-ում կոչվում էր «Python Professional»։ Աշխատում էինք հիմնականում առերես հանդիպումներով՝ տեսական ու գործնական խիտ ծրագրով։ Խմբում առավելագույնը 20 մարդ էր», - հիշում է Ամալյան։
Ասում է՝ մասնակիցները տարբեր տարիքի էին, կար նույնիսկ 14-15 տարեկան երիտասարդ, որը հաճախ ոգեշնչում էր իր գիտելիքով ու հմտություններով.
«Խոսում էի նրա հետ ու մոտիվացված գնում նոր բաներ կարդալու, որ եթե հանկարծ հարց տա, կարողանամ պատասխանել
(ծիծաղում է – հեղ.)»։
Ամալյա Առստամյանը
photo © Մեդիամաքս
Նա նշում է՝ աշխատանքի ընթացքում թեք ոլորտի տարբեր ուղղություններով ստացած գիտելիքը շատ է օգնում բուն՝ թեստավորողի գործում։
«Ավելի լավ եմ պատկերացնում վեբ-կայքը։ Լիովին հասկանում եմ՝ ինչպես է «data»-ն բազայից, աղյուսակներից հասնում «front» ու ես այն տեսնում եմ եւ թեստավորում։ Հիմա «manual» QA եմ, բայց նպատակ եմ դրել անպայման ավտոմատացնել հմտություններս։ Այսօրվա արագ տեմպի մեջ սա թույլ կտա խնայել ժամանակ ու զարգացնել ստեղծագործական մոտեցում, որը կարեւոր է ցանկացած ոլորտում», - ասում է Ամալյա Առստամյանն ու ավելացնում.
«Իմ դեպքում ACA-ի դասընթացները օգտակար էին հմտությունների զարգացման առումով, բայց կարծում եմ՝ դրանք շատ կարեւոր են նաեւ մարդկանց համար, որոնք ցանկանում են առաջին քայլերն անել թեք ոլորտում, փոխել մասնագիտությունն ու սկսել զրոյից։ Պետք է պարզապես նպատակ դնել, շատ աշխատել եւ ամեն բան կստացվի»։
«Կրթաթոշակի տրամադրումը կարեւոր եւ որոշիչ դերակատարում ուներ»Գոռ Սիմոնյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է։ TEF կրթաթոշակի շնորհիվ ACA-ում մասնակցել է երկու դասընթացի՝ «Introduction to data science and machine learning» եւ «Advanced machine learning»։
«Համալսարանում ստանում եմ որակյալ, բազային գիտելիք, բայց դրան զուգահեռ, գործնական հմտությունները զարգացնելու հնարավորություն էի փնտրում եւ գտա այն ACA-ում», - ասում է Գոռը։
Գոռ Սիմոնյանը
photo © Մեդիամաքս
Նրա առաջին դասընթացը տեւել է երեք ամիս, երկրորդը՝ հինգ.
«Այստեղ սովորելու համար ստացել եմ կրթաթոշակ։ Կարծում եմ՝ սա կարեւոր է եւ օգտակար շատերի համար։ Եթե չլիներ այս հանգամանքը, ինքս էլ դասընթացին չէի կարողանա մասնակցել: Կրթաթոշակի տրամադրումը կարեւոր եւ որոշիչ դերակատարում ուներ»:
«Գիտելիքը գործնականում կիրառելն ավելացնում է լավ սովորելու մոտիվացիան» Գոռը նշում է՝ իր դասընթացը համադրում էր տեսությունն ու գործնական առաջադրանքները, ինչն, ըստ նրա, շատ արդյունավետ էր.
«Այս դասընթացները լավ ազդեցություն ունեցան նաեւ իմ համալսարանական կրթության վրա։ Հաճախ տեսական գիտելիքը, որը ստացել եմ ԵՊՀ-ում, կիրառում էի առաջադրանքներ կատարելիս։ Այստեղ է, որ հասկացա՝ նույնիսկ արհեստական բանականությունն ու շատ ժամանակակից լուծումներ մարդիկ ստեղծել են՝ հիմնվելով բազային տեսության վրա, որն այսօր ուսումնասիրում ենք համալսարանում՝ թերթելով հին գրքերը
(ժպտում է- հեղ.)։ Սա, իհարկե, ավելացնում է լավ սովորելու մոտիվացիան»։
Գոռ Սիմոնյանը
photo © Մեդիամաքս
ACA-ում դասընթացներն ավարտելուց հետո Գոռը սկսել է աշխատել մեքենայական ուսուցման ուղղվածությամբ.
«Հիմա որոշ ժամանակով թողել եմ աշխատանքը, քանի որ այս փուլում ցանկանում եմ կենտրոնանալ կրթության վրա»։
Թեք համայնքի մաս դառնալն ու «role model» դասընթացավարներըԳոռը նշում է՝ նման դասընթացները կարեւոր են ոչ միայն բուն գիտելիքի, այլեւ՝ ոլորտի նորություններին մշտապես տեղյակ լինելու, թեք համայնքի մաս դառնալու տեսանկյունից.
«Մեր խմբում բոլորս ընկերացել ենք, պահում ենք կապն ու միմյանց հետ կիսվում աշխատանքի հնարավորություններով, ոլորտի միջոցառումներով ու սեմինարներով։ Այսպիսով ձեւավորվել է սիրուն համայնք ու մասնագիտական ընկերություն։
Գոռ Սիմոնյանը
photo © Մեդիամաքս
Կարեւոր էր նաեւ դասընթացավարների հետ կապը։ Օրինակ՝ մեզ դասավանդում էր Google-ում աշխատող մասնագետ եւ նրա հետ շփումը շատ հետաքրքիր փորձառություն էր։ Նման մարդիկ սկսնակ մասնագետների համար կարող են դառնալ «role model», մոտիվացնել ու առաջ շարժվելու ուժ տալ, ինչը գիտելիքից պակաս կարեւոր չէ»։
Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի