Հռիփսիմե (Ռեմա) Մաթեւոսյանի հիմնած Near Space Labs ստարտափը ներգրավել է 20 միլիոն դոլար ներդրում՝ իր բարձր ճշգրտությամբ լուսանկարող Swift սարքերը ստրատոսֆերա բարձրացնելու համար։

B շրջանի ներդրումային փուլը գլխավորում է Bold Capital Partners-ը, ներդրողների թվում են նաեւ USAA, Climate Capital, Gaingels, RiverPark Ventures եւ այլ վենչուրային ֆոնդեր։ TechCrunch-ի փոխանցմամբ՝ Near Space Labs-ն ընդհանուր ներգրավել է ավելի քան 40 մլն դոլար։

Հռիփսիմեն ծնվել է Երեւանում՝ ֆիզիկոսների, ծրագրավորողների եւ աստղագետների ընտանիքում։ Նա մաթեմատիկա է ուսանել Երեւանում, ապա տեղափոխվել Մոսկվա՝ Սկոլկովոյի ինստիտուտում մագիստրատուրայում սովորելու, որտեղ էլ հանդիպել է իր ապագա գործընկերներին՝ Իգնասի Լյուչին եւ Ալբերտ Կաուբետին։ Նրանց համագործակցությունը սկսվել է Նյու Յորքում՝ Urban-X աքսելերատորում, որտեղից էլ սկիզբ է առել Near Space Labs-ը։

Near Space Labs-ի մշակած Swift կոչվող անօդաչու սարքերը բարձրանում են հելիումով լցված փուչիկների միջոցով եւ օգտագործում օդային հոսանքները՝ ստրատոսֆերայում տեղաշարժվելու եւ բարձրորակ լուսանկարներ անելու համար։ Ռեմա Մաթեւոսյանի խոսքով՝ մեկ Swift հարթակը կարող է մի քանի ժամում կատարել այն աշխատանքը, որը կպահանջվեր օրական 800,000 անօդաչու թռչող սարքի համար։

Ներկայում ընկերության հիմնական հաճախորդները ԱՄՆ-ի ապահովագրական ընկերություններն են, որոնք օգտագործում են ստացված պատկերները՝ բնական աղետների հետեւանքները գնահատելու համար։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել գործունեությունը՝ ընդգրկելով նոր տարածքներ եւ ոլորտներ։