Facebook-ը հայտարարել է, որ առաջիկայում իր հարթակում բոլոր տեսանյութերը կկիսվեն որպես reel՝ անկախ դրանց տեւողությունից կամ ձեւաչափից։
Մինչ այժմ օգտատերերը հնարավորություն ունեին հրապարակել թե՛ տեսանյութեր, թե՛ reels-եր։ Ընկերությունը նաեւ փոխում է հարթակի «Video» բաժնի անունը՝ դարձնելով այն «Reels»։ Ըստ Facebook-ի՝ այս թարմացումը չի փոխելու, թե ինչ տեսանյութեր կառաջարկվեն օգտատերերին։
Առաջիկա ամիսներին օգտատերերը այլեւս ստիպված չեն լինելու ընտրել՝ հրապարակել տեսանյութ, թե reels, քանի որ ամեն ինչ ավտոմատ կդառնա reels։ Բացի այդ, reels-երի վրա այլեւս երկարության կամ ձեւաչափի սահմանափակումներ չեն լինի։ (Ներկայում Facebook-ի reels-երը կարող են լինել մինչեւ 90 վայրկյան)։
Այս փոփոխությունների նպատակը հարթակում տեսանյութերի կիսման ձեւաչափը միասնական դարձնելն է։ Սա Meta-ին պատկանող հարթակի առաջին նման քայլը չէ՝ Instagram-ը դեռ 2022-ին էր սկսել ավտոմատ կերպով վերափոխել 15 րոպեից պակաս տեսանյութերը reels-ի։