16:10 | 08.07.25 | Նորություններ | 681
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի մեկնարկը տրված է, որը բաց հարթակ է նորարարության համար։
Այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնությունն է, որը կմիավորի արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին։
Այս մասին հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Կարեւոր է ընդգծել, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ Amazon Web Services (AWS) ընկերությունը, ինչպես նաեւ Եվրոպայում ԱԲ ոլորտի չեմպիոն Mistral AI ընկերությունը միացել են մեզ՝ գործարկելու Հայաստանի ԱԲ վիրտուալ ինստիտուտի հարթակը՝ աջակցելու մեր ազգային առաքելությանը եւ խթանելու առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։
Այս համագործակցության շրջանակում AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ եւ առաջատար փորձառություն։ Այս ամենի նպատակն է խթանել արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով, ՀՀ ԲՏԱՆ-ի հետ ընդլայնված համագործակցության շրջանակում։
Mistral AI-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն, հասանելիություն առանձնահատուկ պայմաններով իր առաջադեմ ԱԲ հարթակին եւ բաց կշռային մոդելներին, ինչպես նաեւ՝ անվճար API (ծրագրային հավելվածների ինտերֆեյս) հասանելիություն՝ հատուկ ընտրված դափնեկիրների համար։ Սա հնարավորություն կընձեռի հետազոտողներին եւ ստարտափներին աշխատել այսօրվա հզորագույն ԱԲ գործիքներով։
Մենք ակտիվորեն կներգրավենք բարձրակարգ մենտորների եւ տեխնիկական ասպարեզի խորհրդատուների՝ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար: Ընտրած ստարտափներն ու հետազոտողները կստանան ճանաչում մեր ԱԲ marketplace-ի միջոցով, կստանան անհատական աջակցություն իրենց լուծումները տեղական եւ միջազգային շուկաներում ներկայացնելու համար»,- գրել է նախարարը։
Հարթակի գործունեությանն ու բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։