Երբ Աննա Հարությունյանը դիմեց NASA-ի ուսանողական ծրագրին, դեռ չգիտեր, որ հենց այդ քայլը կդառնա իր կյանքի շրջադարձային պահը։ 23-ամյա աղջիկն առաջին հայ անալոգ տիեզերագնացն է, որ ստացել է «Space Lentil» մականունն ու սովորեցրել Քոչարի պարը եվրոպական անալոգ տիեզերագնացներին։ Այսօր նա արդեն մարզում է ապագա տիեզերագնացների։
Itel.am-ի հետ զրույցում Աննան պատմել է տիեզերքի հանդեպ սիրո, անալոգ առաքելությունների ու էքստրեմալ պայմաններում սթրեսը հաղթահարելու սեփական մեթոդների մասին։
Տեխնոլոգիական կրթության սկիզբը եւ տիեզերքի հանդեպ սերը
Ես ունեմ տեխնիկական կրթություն, ավարտել եմ Պոլիտեխնիկի վարժարանն ինժեներական թեքումով եւ ներկայում Գերմանիայի միջազգային համալսարանի բակալավրում սովորում եմ ռոբոտատեխնիկա։ Դեռ մանկուց գիտեի՝ ինժեներ եմ դառնալու, սակայն տիեզերքի հանդեպ սերն այնքան խոր արմատներ ուներ, որ ցանկացած ֆիլմ, մուլտֆիլմ կամ նյութ, որը կապ ուներ տիեզերքի հետ, ինձ ուժգին ոգեշնչում էր։
photo © անձնական արխիվից
Տիեզերագնաց դառնալը երբեք նպատակներիցս չի եղել, բայց միշտ ցանկացել եմ այդ ոլորտում իմ ներդրումն ունենալ․ օրինակ՝ ռոբոտատեխնիկայի միջոցով օգուտ տալ տիեզերական ինդուստրիային։
Առաջին քայլերը՝ աստղակենսաբանությունից մինչեւ NASAՏիեզերքի հետ շփման առաջին քայլը եղել է ամերիկյան կազմակերպության կազմակերպած աստղակենսաբանության դասընթացը, որտեղ կրթաթոշակ ստանալով՝ մասնակցել եմ առաքելություն նախագծելու աշխատանքներին։ Պետք է մոդելավորեինք դեպի այլ մոլորակ առաքելություն. ես ընտրեցի Մարսն ու անձամբ մասնակցեցի ռոբոտների նախագծման գործնական փուլերին։
photo © Մեդիամաքս
Այս փորձն ինձ այնքան էր տպավորել, որ դիմեցի NASA-ի ուսանողական ծրագրին, անցա բոլոր հարցազրույցները եւ 8 ամիս աշխատեցի մասնագետների հետ։ Հենց այս ժամանակ էլ հասկացա, որ սա պարզապես փորձ չէր, այլ՝ ապագայի մասնագիտական ուղի։
Հայաստանյան անալոգ առաքելությունըԻնձ համար շրջադարձային պահ էր, երբ իմացա, որ AMADEE ավստրիական տիեզերական ֆորումի աջակցությամբ Հայաստանում պետք է տեղի ունենա անալոգ առաքելություն։ Սկզբում այդ լուրը նույնիսկ աբսուրդ էր թվում՝ նման մասշտաբի նախաձեռնություն Հայաստանում, բայց արեցի ամեն ինչ, որպեսզի ընդգրկվեմ։
Ընդունվելը հեշտ չէր. պահանջվում էին տեխնիկական խոր գիտելիքներ, անգլերենի տիրապետում, սթրեսակայունություն, միջմշակութային հանդուրժողականություն։ Չնայած ուսանող լինելու հանգամանքին՝ ցանկանում էի ապացուցել իմ ունակությունները։ Վերջիվերջո, ինձ ընտրեցին։ Սա իմ առաջին իրական անալոգ առաքելությունն էր. թեեւ աստղանավում չէի, բայց այդ փորձառությունն այնքան սիրեցի, որ ուզում էի տուն չվերադառնալ ու մնալ այնտեղ։
Առաջին առաքելությունից մինչեւ իսկական տիեզերագնացության սիմուլյացիաLinkedIn-ում Vogue-ում հայտնված իմ լուսանկարն էի հրապարակել, որը պատճառ դարձավ՝ լեհական Analog Astronaut Training Center-ից կապվեն ինձ հետ ու հրավիրեն մասնակցելու անալոգ առաքելության, որի ընթացքում արդեն պետք է հանդես գայի որպես տիեզերագնաց։
Աննա Հարությունյանը AMADEE առաքելության ընթացքում
photo © Vogue
Մինչ այդ մասնակցում էի որպես ինժեներ։ Յոթ օր մեկուսացված եմ եղել Լեհաստանում՝ Կրակովի մոտ։ Ապրում էինք շատ խիստ պայմաններում՝ առանց արեւի լույսի եւ օրական հարյուրավոր փորձարկումների մեջ։ Այնուհետեւ լեհական կողմը հրապարակում կատարեց, որ դարձել եմ առաջին հայ անալոգ տիեզերագնացը։ Այդ փաստը ինձ համար շատ ոգեւորիչ էր։
Միջազգային ճանաչումն ու Լուսնի առաքելությունըՀայաստանում տեղի ունեցած WCIT 2024 միջոցառմանը մասնակցեցի պանելային քննարկման, որտեղ կիսվեցի իմ փորձառությամբ։ Ելույթը դարձավ ինձ համար որոշիչ հետագա համագործակցությունների համար։ Ինձ գտան մի շվեյցարական կազմակերպությունից եւ ցանկություն հայտնեցին հովանավորել հաջորդ առաքելությունս իրականացնելիս։
Մասնակցեցի Lunares-ի կազմակերպած նոր անալոգ առաքելությանը, որն այս անգամ երեք շաբաթ տեւեց՝ մայիսի 28-ից հունիսի 21-ը։ Այս առաքելությունն ավելի բարդ էր․ ներառված էր Լեհաստանից, Նեպալից, Եգիպտոսից, Պորտուգալիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Չեխիայից եւ Հայաստանից ինը մասնակից։ Ես կրկին ամենաերիտասարդն էի, բայց՝ միակ ինժեները, ինչը նրանց ստիպում էր լուրջ վերաբերվել ինձ եւ ուշադրություն չդարձնել համեմատաբար երիտասարդ տարիքիս։ Տեխնիկական կարողությունների շնորհիվ թիմը բարդ խնդիրներ էր լուծում։
Քոչարի պարը՝ որպես ազգային ինքնության ներկայացումԱմենաէական ձեռքբերումներից մեկը եղել է տարբեր մշակույթների ու մասնագիտական ոլորտների մարդկանց հետ շփումը: Չնայած բոլոր մասնակիցները տեխնիկական ոլորտներից էին, սակայն նրանց անցած ճանապարհը տարբեր էր՝ NASA-ից մինչեւ Եգիպտոսի եւ Լեհաստանի տիեզերական կազմակերպություններում աշխատողներ։ Կարեւոր էր հատկապես փոխադարձ հարգանքը տարբեր մշակույթների նկատմամբ։
Առաքելության ընթացքում որոշեցի թիմին սովորեցնել Քոչարի՝ իմ ամենասիրելի պարերից մեկը։ Միշտ Հայաստանից խորհրդանշական իրեր եմ վերցնում հետս՝ սուրճ, լավաշ, քաղցրավենիք ու պատմում եմ Հայաստանի մասին։ Քոչարի պարով նախ ցանկացա եւս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը։ Թիմակիցներիս ցույց տվեցի տեսանյութեր, բացատրեցի պարային քայլերը ու շարժումները։ Սա դարձավ ոչ միայն մշակութային փոխանակում, այլեւ՝ թիմային կապն ամրապնդող փորձառություն։
Եգիպտական ճաշերից մինչեւ «Space Lentil» խորհրդանիշՀիշարժան էր առաքելության ընթացքում տեղի ունեցած մի փոքր, բայց կարեւոր դրվագ: Քանի որ տիեզերական չորացրած ստանդարտ սնունդն ինձ մոտ առողջական խնդիրներ առաջացրեց, Եգիպտոսից ժամանած մեր հրամանատարը սկսեց ամեն օր ամբողջ թիմի համար եգիպտական ոճով հաց եւ ոսպով առողջ սնունդ պատրաստել։ Երեք շաբաթ շարունակ ամեն օր ուտում էի ոսպ. արդյունքում իմ մականունը դարձավ «Space Lentil»։ Այս պատմությունն այնքան տպավորիչ էր, որ ոսպը դարձավ առաքելության խորհրդանիշը․ նույնիսկ NASA-ի ինժեների հետ համատեղ պատրաստել եմ փոքրիկ 3D տպած տիեզերագնաց խաղալիք՝ ոսպի գլխով:
Հոգեբանական մարտահրավերները սիմուլյացիայի ընթացքումՀատկապես փակ տարածքներում երկարաժամկետ մեկուսացված մնալն իսկապես շատ դժվար է։ Չնայած տեսակով էքստրավերտ չեմ, սակայն կարողանում եմ լավ հասկանալ եւ համագործակցել գործընկերներիս հետ։ Ամենաբարդ մարտահրավերը անձնական սահմանների հարգանքն է, որոշ մասնակիցներ երբեմն չարաշահում էին, հաճախ չէին հետեւում գրաֆիկին, անընդհատ փորձում էին շփվել, ինչը խանգարում էր մյուսներին կենտրոնանալ բուն աշխատանքի վրա։
Աննա Հարությունյանը
photo © Մեդիամաքս
Մշակել եմ իմ անձնական մեթոդները սթրեսի դեմ պայքարելու եւ այն հաղթահարելու համար։ Օրինակ՝ ամեն առավոտ արթնանում էի բոլորից շուտ, գնում մարզասրահ վազելու, սա օգնում էր մենակ մնալ եւ մտքերս կարգավորել։ Վազքը դարձել էր հոգեբանական ապաքինման իմ ձեւը։ Երբ տրամադրություն չէի ունենում կամ կուտակված էմոցիաներ ունեի, վազքն օգնում էր հավասարակշռությունը պահել։ Սա էմոցիոնալ պաշտպանական մեխանիզմ էր ինձ համար։
Անալոգ տիեզերագնացների մարզիչ՝ Asclepios կազմակերպությունումԱռաքելությունից հետո շարունակում եմ մասնագիտական ուղիս՝ արդեն որպես Տիեզերագնացների վերապատրաստման մասնագետ (Astronaut Training Officer) շվեյցարական Asclepios կազմակերպությունում։
Մայիսից սկսած մարզում եմ անալոգ տիեզերագնացների, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն իրական տիեզերական առաքելությունների։ Մարզումները ներառում են տարբեր փորձառություններ՝ անգամ անկշռության պայմաններում թռիչքներ։
Հաջորդ առաքելությունը՝ շվեյցարական բարդ պայմաններում
Առաջիկայում կրկին գնալու եմ Շվեյցարիա՝ մասնակցելու նոր առաքելության, որն անցկացվելու է շվեյցարական ռազմական բազայում։ Տարածքի խիստ եւ անհարմար պայմանները միտումնավոր են ընտրված՝ մասնակիցների դիմացկունությունն ու գոյատեւման կարողությունները ստուգելու համար։ Նախորդ ձմռանն արդեն նման փորձառություն ունեցել եմ ֆրանսիական Ալպերում։
Նունե Գրիգորյան