11:23 | 26.08.25 | Նորություններ | 141
Տիգրան Շահվերդյանի Robomart ստարտափը ներկայացրել է իր նոր Robomart RM5 ինքնավար մատակարարման ռոբոտը, որի նպատակն է շահավետ դարձնել առաքումները։
Չորրորդ մակարդակի ինքնավարությամբ աշխատող այս ինքնավար ռոբոտը չափերով մոտ է մինի ավտոբուսի եւ կարող է տեղափոխել ավելի քան 200 կգ բեռ։ RM5 մեքենան բաղկացած է պատվերների համար նախատեսված 10 առանձին պահարանից, ինչը թույլ է տալիս մեկ ուղեւորության ընթացքում կատարել մի քանի առաքում։
Ինչպես Instacart-ը կամ Uber Eats-ը, ընկերությունը նախատեսում է գործարկել սեփական հավելվածը, որտեղ հաճախորդները կարող են ուսումնասիրել տարբեր խանութների, ռեստորանների եւ մթերային կետերի առաջարկները։ Ըստ Robomart-ի՝ հաճախորդները յուրաքանչյուր պատվերի համար կվճարեն միայն 3 դոլար համաչափ առաքման վճար` առանց հավելյալ գանձումների:
Ռոբոտացված առաքումները հատկապես բախվում են մի շարք խոչընդոտների, ներառյալ ռոբոտատեխնիկայի եւ արհեստական բանականության ծրագրաշարի մշակման բարձր նախնական ծախսերը։
«Քանի որ RM5 հարթակը կարող է տեղափոխել մինչեւ 50 անգամ ավելի բեռ, քան փոքր ռոբոտները կամ դրոնները, այն հնարավորություն է տալիս մեզ ժամում սպասարկել շատ ավելի հաճախորդների՝ առանց մարդկային աշխատանքի եւ տարողության սահմանափակումների», - նշել է Robomart-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանը։
Պատվերը գրանցելուց հետո RM5-ը մոտենում է մանրածախ կետին բեռնումի համար, այնուհետեւ կարող է այցելել մի քանի այլ խանութ նախքան առաքման մեկնելը։ Ինքնավար մեքենաները կարողանում են ստեղծել դինամիկ, բազմակետային երթուղի՝ կախված պատվերների քանակից։ Հաճախորդը մեքենայի ժամանման պահին հավելվածով բացում է իրեն հատկացված պահարանը եւ ստանում իր պատվերը։
Ստարտափը նախ կգործարկի ծառայությունը Տեխասի Օսթին քաղաքում՝ առաջիկա ամիսներին ներգրավելով մանրածախ առեւտրի գործընկերների։ Robomart-ը հիմնադրվել է 2017-ին Լոս Անջելեսում եւ 2020-ին փորձարկել է ինքնավար «խանութ-անիվների վրա» մոդելը, որը շարժական խանութ էր՝ բեռնված դեղատան ապրանքներով ու պաղպաղակով: