Նորարարական տեխնոլոգիական լուծումներով հայտնի YoHealth բջջային հավելվածը հայտարարել է էկոհամակարգի ընդլայնման եւ YoJob նոր հարթակի գործարկման մասին։ Հարթակի նպատակն է միավորել գործատուներին եւ աշխատանք փնտրողներին՝ ստեղծելով արդյունավետ ու հարմարավետ միջավայր։

YoJob-ի միջոցով գործատուները կարող են արագ եւ հեշտությամբ գրանցվել եւ տեղադրել թափուր հաստիքները՝ հասանելի դարձնելով դրանք լայն լսարանի համար։ Անհրաժեշտ է ներբեռնել YoHealth հավելվածը, մուտք գործել YoJob բաժին եւ ուսումնասիրել տարբեր ընկերությունների թափուր հաստիքները:

Միեւնույն ժամանակ աշխատանք փնտրողներն ունեն հնարավորություն տեղադրել իրենց ինքնակենսագրականներն ու անմիջապես կապ հաստատել պոտենցիալ գործատուների հետ քայլերի հետեւյալ հերթականությամբ՝ ներբեռնել YoHealth հավելվածը, մուտք գործել YoJob բաժին, ընտրել «Հաշիվ» ենթաբաժինը, լրացնել տվյալները (օրինակ՝ կցել CV) եւ սպասել առաջարկներին:

Հարթակը կծառայի նաեւ որպես հիմնական աղբյուր տարբեր կազմակերպություններում, ինչպիսիք են, օրինակ՝ Ֆասթ Շիֆթ, Ֆասթ Բանկ, Ֆասթեքս, ArLeAM եւ այլ ընկերությունները, առկա թափուր հաստիքների հայտարարման համար՝ այդպիսով աջակցելով հարթակի օգտատերերին եւ առաջինը տրամադրելով աշխատանքի հնարավորություններ Yo համայնքին։

«YoJob-ի գործարկումը մեր առաքելության բնական շարունակությունն է։ Մենք հավատում ենք, որ մարդու բարեկեցությունը բազմաշերտ է եւ նպատակ ունենք խթանել ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլեւ ֆինանսական եւ մասնագիտական աճը։ YoJob-ը կլինի այն կամուրջը, որը կմիավորի տաղանդն ու հնարավորությունները, ինչն էլ կնպաստի համայնքի զարգացմանը», - նշել է ՄՌ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալստյանը։