ChatGPT-ի մշակողները աշխատում են մի շարք նորարարական գաջեթների վրա։ 

OpenAI-ը արդեն պայմանագիր է կնքել չինական Luxshare արտադրողի հետ, որը Apple-ի հիմնական սարքերի հավաքման գործընկերներից մեկն է, գրում է The Information-ը։

Ընկերությունը կարող է թողարկել էկրան չունեցող խելացի բարձրախոս, ակնոց, թվային ձայնագրիչ եւ հագուստին ամրացվող բրոշ։ Առաջին արտադրանքի թողարկումը նախատեսված է 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին։

Սարքն այժմ նախատիպի փուլում է, նախատեսվում է, որ այն կլինի գրպանի չափսի եւ «սերտորեն կփոխազդի» OpenAI-ի արհեստական բանականության մոդելների հետ: Նախագծի ստեղծողները ցանկանում են օգտատերերին առաջարկել սմարթֆոնների եւ ավանդական սարքերի այլընտրանք՝ AI-ի հետ փոխազդելու համար։

OpenAI-ը նաեւ բանակցություններ է վարում Goertek-ի՝ Apple-ի մեկ այլ չինական գործընկերոջ հետ՝ բաղադրիչներ, այդ թվում՝ աուդիո մոդուլներ մատակարարելու համար։

Ընկերությունը 6.5 միլիարդ դոլարով ձեռք է բերել io ստարտափը, որը հիմնադրել է Apple-ի նախկին դիզայներ Ջոնի Այվը։ Մայիսին OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել էր, որ պատկերացնում է այս խոշոր ձեռքբերման շրջանակում մշակված «սարքերի ընտանիքի» ստեղծումը: Դրանցից առաջինը նկարագրվում է որպես խելացի, ինտուիտիվ եւ կոմպակտ առանց էկրանի գաջեթ: