Meta-ն գործարկել է Vibes կոչվող առանձին էջ՝ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության համար:

Այստեղ օգտատերերը կարող են ստեղծել տեսահոլովակներ «զրոյից», խմբագրել արդեն առկա բովանդակությունը կամ ռեմիքսներ անել այլ օգտատերերի տեսանյութերից։ Ընկերության խոսքով՝ ժամանակի ընթացքում ալգորիթմները կսկսեն օգտատերերի համար առաջարկել ավելի անհատականացված բովանդակություն։

Օգտատերերը կարող են հրապարակել իրենց տեսահոլովակները անմիջապես Vibes-ում, ուղարկել դրանք անձնական հաղորդագրություններով կամ կիսվել Facebook-ում եւ Instagram-ում։ 

Նոր գործիքը ստեղծվել է, որպեսզի օգտատերերը հեշտությամբ գտնեն ստեղծագործական ոգեշնչում եւ փորձարկեն նոր ձեւաչափեր։

Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշել է, որ ընկերության «սուպերինտելեկտի» թիմը շարունակում է աշխատել նոր մոդելների վրա, իսկ Vibes-ը հնարավորություն է տալիս օգտատերերին տեսնել այդ նորարարությունների արդյունքները։ Նա նաեւ ընդգծել է, որ նախագծին մասնակցել են Midjourney-ի եւ Black Forest Labs-ի հետազոտողները։

TechCrunch-ի գնահատմամբ՝ Vibes-ի գործարկումը որոշ չափով «տարօրինակ» է՝ հատկապես հաշվի առնելով, որ ինտերնետը վերջին շրջանում «լցվել է» գեներացված բովանդակությամբ։ Հատկանշական է, որ դեռեւս 2025-ի հուլիսին Meta-ն հայտարարում էր, որ պայքարելու է ոչ օրիգինալ բովանդակության դեմ եւ օգտատերերին կոչ էր անում կենտրոնանալ ավելի «աուտենտիկ» տեսանյութերի ստեղծման վրա։