12:21 | 25.09.25 | Նորություններ | 1158
Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը կկայանա «Արեւորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց եւ բնության միջեւ» խորագրով։
Այս տարվա փառատոնի նպատակն է ընդգծել մարդու եւ բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարեւոր խնդիրները ֆիլմերի եւ մշակութային միջոցառումների միջոցով։
«Արեւորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում ներկայացրել է ավելի քան 760 ֆիլմ շուրջ 150 երկրից՝ բնապահպանության շուրջ շարունակաբար ստեղծելով երկխոսության եւ համագործակցության հարթակ։ Այս տարվա շեշտադրումը հատկապես կարեւոր է, քանի որ այն համընկնում է 2026 թվականին Հայաստանում նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ՝ ավելի ընդգծելով փառատոնի ուղերձների նշանակությունը։
«Ucom-ը՝ որպես կանաչ ընկերություն, կարեւորում է բնության պահպանությունը, ուստի սիրով է աջակցում նման նախաձեռնություններին։ Մեր նպատակն է, որ Ucom-ի բնապահպանական ուղերձները հասնեն որքան հնարավոր է շատ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են ապագայում ձեւավորելու Հայաստանի բնապահպանական ապագան»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս օրերին մենք ջանում ենք ներկայացնել տարբեր երկրների առաջատար ֆիլմեր՝ բացահայտելու «Մարդու եւ բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի կփորձեն ներկայացնել, թե որքան բարդ ու կարեւոր է պահպանել այդ համակեցությունը՝ հաղթահարելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արեւորդի» միջազգային փառատոնի համակարգողը։
Ucom-ի աջակցությամբ փառատոնի շրջանակում ցուցադրվող տասնյակ ֆիլմեր թարգմանվել են եւ կներկայացվեն հայերեն ենթագրերով։ Դրանց թվում են․
• Արքայադուստր Մոնոնոկե (Princess Mononoke)՝ Հայաո Միյազակի, Ճապոնիա, 1997- (Հայաստանում առաջին անգամ մեծ էկրանին, 4K ֆորմատ)
• Սեւ ցուլ (Black Ox), Ճապոնիա, 2024. Ֆիլմը ներկայացնում է մարդ-բնություն համակեցությունը, երաժշտության հեղինակ Ռյուիչի Սակամոտո
• Յանունի (Yanuni), Ավստրիա, Կանադա, Գերմանիա, ԱՄՆ, 2025` Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական ֆիլմը, նկարագրում է բնիկ համայնքների բնապահպանական պայքարը
• Սնկերը․ կյանքի ոստայնը (Fungi: The Web of Life), Ավստրալիա, 2025 – կենսաբան Մերլին Շելդրեյքի ուղեկցությամբ եւ հայտնի երգչուհի Բյորկի ներկայացմամբ՝ ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են այս բացառիկ օրգանիզմները պահպանում կյանքը։
Փառատոնն ամեն տարի միավորում է շուրջ 4000 այցելուի, որոնց մեծ մասը երիտասարդ է։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ այս տարի եւս կկազմակերպվեն մի շարք թեմատիկ հանդիպումներ՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքների եւ փորձի փոխանակումը բնապահպանական ոլորտում։ Փառատոնի հատուկ եւ ամենավառ հատվածը կլինի վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որը կանցկացվի քաղաքի կենտրոնական հատվածում՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարեւորությունը եւ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
«Արեւորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։