Microsoft-ը պաշտոնապես մեկնարկել է Edge-ում նոր Copilot ռեժիմը՝ այն վերածելով լիարժեք արհեստական բանականությամբ զննարկչի՝ ինչպես OpenAI-ի Atlas-ը կամ Perplexity-ի Comet-ը: 

Այժմ յուրաքանչյուր նոր ներդիր բացում է զրույցի պատուհան, որտեղ կարող եք հարց տալ, սկսել որոնում կամ մուտքագրել հղում. այս ամենը Copilot-ի միջոցով:

Նոր ռեժիմը մեկ պատուհանում համատեղում է նեյրոնային ցանցի պատասխանները, որոնման արդյունքները եւ նավիգացիան: Copilot-ն այժմ վերլուծում է ոչ միայն ընթացիկ էջը, այլեւ՝ բոլոր բաց էջերը. այն կարող է տեղեկատվություն հավաքել դրանցից կամ համեմատել ապրանքները տարբեր էջերում:


Այս գործառույթը նախկինում հասանելի էր բետա տարբերակով, բայց այժմ հասանելի է բոլոր օգտատերերի համար: Microsoft-ը նաեւ թողարկել է Copilot Actions-ի նախնական տարբերակը՝ AI-ով աշխատող նոր գործառույթ, որը թույլ է տալիս կատարել ռեստորանների ամրագրումներ եւ այլ գործողություններ:

Այնուամենայնիվ, ինչպես մյուս AI զննարկիչներում, Copilot-ի գործակալների վրա հիմնված գործառույթները դեռեւս անվստահելի են: Յուրաքանչյուր գործողությունից առաջ օգնականը զգուշացնում է, որ գործիքը «նախատեսված է հետազոտության եւ փորձարկման համար եւ կարող է սխալներ թույլ տալ»: The Verge-ի կողմից անցկացված փորձարկման ժամանակ նեյրոնային ցանցը պնդում էր, որ ջնջել է էլեկտրոնային նամակը, բայց իրականում դա չէր արել: 


Copilot Mode ռեժիմն այժմ կարող է օգտագործել զննարկչի պատմությունը՝ ավելի ճշգրիտ պատասխաններ տրամադրելու համար, բայց միայն օգտատիրոջ թույլտվությամբ։ Journeys-ը նույնպես նախադիտման փուլում է. այն խմբավորում է զննարկչի պատմությունը թեմայի համաձայն եւ առաջարկում է, թե ինչ որոնել հաջորդը։