Ucom-ի աջակցությամբ Արեւորդի ՀԿ-ն 10 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան է տեղադրել Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում՝ համայնքի էներգաարդյունավետությունը եւ ֆինանսական կայունությունը բարձրացնելու նպատակով։ 

Կեչուտի վարչական շենքում տեղադրված արեւային կայանը կապահովի ոչ միայն շենքի, այլեւ՝ դրան կից գործող համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800 000 ՀՀ դրամ գումար, որը կուղղվի համայնքի զարգացման եւ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։ 

«Ucom-ում մենք կարեւորում ենք երկարաժամկետ, համայնքներին ուղղված ծրագրերը, որոնք իրական դրական արդյունք են ունենում մարդկանց կյանքի վրա։ Կեչուտում իրականացված նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքի ֆինանսական կայունությանը, այլեւ խթանում է «կանաչ» մտածողության եւ պատասխանատու ներդրումների մշակույթը», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ծրագիրը վկայում է այն մասին, որ բնապահպանական լուծումները նաեւ տնտեսական կայունության հզոր գործիք են։ Խնայված գումարը Կեչուտի նման համայնքի համար փոփոխություն ստեղծող ռեսուրս է, որը թույլ է տալիս ինքնուրույն զարգացնել այլ ուղղություններ։ Մենք շնորհակալ ենք Ucom-ին հանրային նշանակության այս նախաձեռնությունները միասին իրականացնելու պատրաստակամության համար», - նշել է Արեւորդի ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը:

Ucom-ի եւ Արեւորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 16 արեւային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում եւ ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։