16:22 | 26.11.25 | Նորություններ | 148
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ է հանձնել Կիբեռանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։
Այն կազմակերպել էին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ Ucom-ը հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր՝ թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով։
92 ժամ տեւողությամբ ինտենսիվ դասընթացը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբեռսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու եւ արդյունավետորեն հակազդելու համար։
Դասընթացը ներառում էր ներածական բաժին եւ հինգ հիմնարար ուղղություն՝ կիբեռսպառնալիքները եւ դրանց պահանջները, վիրտուալացում, ցանցային տեխնոլոգիաներ, համակարգերի պաշտպանվածության ուժեղացում, թվային դատաբժշկական փորձաքննություն, Pentest։
Ուսուցումը վարել են ճանաչված փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը եւ «Orange» ընկերության ամպային ճարտարապետ Նիկոլա Ռենարը։
«Կիբեռանվտանգությունը համաշխարհային մարտահրավեր է, որը պահանջում է բարձր պատրաստվածություն, շարունակական ուսուցում եւ ուժեղ համայնք։ Այսպիսի ծրագրերը ոչ միայն զարգացնում են մասնագիտական հմտություններ, այլեւ նպաստում են երկրի թվային կայունությանը։ Ucom-ում մենք կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերելու գիտելիքներ, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին եւ բավարարում են ոլորտի արագ փոփոխվող պահանջները», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Կիբեռանվտանգությունն այսօր կարեւոր տեղ է զբաղեցնում ՀՖՀՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերում։ Այս դասընթացի կազմակերպումը լիովին համահունչ է մեր ռազմավարական նպատակներին՝ նորարարության խթանման եւ ժամանակակից թվային մարտահրավերներին առերեսվելու ուղղությամբ», - ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։
«Armenia Peace Initiative-ի (API) կիբերանվտանգության հինգերորդ դասընթացն առանձնացավ ՀՖՀՀ-ի ուսանողների առանձնահատուկ ուժեղ կազմով։ Նրանց շահագրգռվածությունն ու գիտելիքների յուրացման պատրաստակամությունը վկայում են այդ համալսարանի բարձր որակի մասին, որի հետ մենք հպարտությամբ համագործակցում ենք արդեն մի քանի տարի։ Այսօր, երբ Հայաստանի առջեւ բացվում են թվային եւ տեխնոլոգիական զարգացման նոր հեռանկարներ, մենք առավել քան երբեւէ համոզված ենք, որ երիտասարդներին կիբերանվտանգության ոլորտում կրթելը եւ արդեն իսկ աշխատող մասնագետներին վերապատրաստելը ներդրում է Հայաստանի եւ մեր հասարակության ապագայի գործում», - նշել է Armenia Peace Initiative-ի (API) նախագահ Վիգեն Փափազյանը։
Վկայականների հանձնման օրը ՀՖՀՀ-ում կազմակերպվել է նաեւ պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության մրցավազք․ ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները» թեմայով։