11:08 | 26.11.25 | Նորություններ | 82
Նոյեմբերի 25-ին՝ Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր AI կրթական նախագծի համար։
Մրցանակը շնորհվել է Թումոյի գեներատիվ AI կրթական ոլորտի ու AI colearner ինքնուսուցման հարթակի համար, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկներում գործող Թումո կենտրոնների պատանիներին անվճար ձեռք բերել խորացված AI հմտություններ։
WISE Prize for Education-ի մեկ միլիոն դոլար մրցանակը, որը տրվում է կրթության ոլորտի համաշխարհային առաջատարներին, իրականացնում է World Innovation Summit for Education-ը։ 2024-2025 տարվա համար WISE-ը ստացել է 427 հայտ ամբողջ աշխարհից։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրին եզրափակիչ փուլի համար առանձնացրել է վեց նախագիծ, որոնց լուծումները հասցեագրում են հրատապ կրթական մարտահրավերներ՝ ներառյալ արհեստական բանականության կիրառությունը դասավանդման եւ ուսումնառության մեջ։
«WISE մրցույթի կողմից հասցեագրվող հիմնական մարտահրավերներից մեկը AI-ի ազդեցությունն է կրթության վրա։ Թումոյի լուծումը ենթադրում է AI-ի կիրառում միաժամանակ որպես կրթական նպատակ եւ ընդհանուր ուսումնական նպատակներին հասնելու միջոց։ Սա կատարելապես համապատասխանում է մանկավարժական մեթոդները ներսից փոխող նորարարություններին աջակցելու մեր առաքելությանը», – նշել է WISE-ի ծրագրերի ղեկավար Աուրելիո Ամարալը։
«WISE Prize հաստատում է, որ կրթության մեջ AI-ը կարող է լինել մարդակենտրոն, հետեւողական եւ ներառական։ Այն, ինչ սկսվեց որպես փորձարարություն Հայաստանում, այժմ շատ ավելի մեծ ծրագրի մաս է, որի նպատակն այն է, որ աշխարհի բոլոր պատանիները կարողանան սովորել եւ ըմբռնել AI-ը ու ձեւավորեն դրա կիրառությունը», - նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Հիմնադրվելով Հայաստանում 2011 թվականին, Թումոն վերաճել է միջազգային կենտրոններով եւ տուփերով ցանցի, որը շաբաթական ծառայում է 32 000 ուսանողի Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում, Արգենտինայում, Պորտուգալիայում, Ալբանիայում եւ այլն։