Team Holding ընկերությունը հայտարարել է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ 

Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։

Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։

Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետեւյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2026 թ. մարտի 3-ը։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաեւ ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Team-ը ընկերությունների խումբ է, որը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի եւ կիրառելի կլինեն բոլորի համար։ Վերջին տարիներին մենք շարունակաբար ամրապնդում ենք մեր դիրքը շուկայում՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն ունեն տնտեսության աճի, ծառայությունների որակի բարելավման եւ ներդրումային միջավայրի զարգացման վրա։ Team Holding-ը շարունակելու է գործել երկարաժամկետ, կայուն բիզնեսի սկզբունքներով՝ ավելացնելով ներդրողների համար հասանելի հնարավորությունները»,- ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարեւոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնումը։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար եւ 1,4 միլիարդ ՀՀ դրամ։ Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025 թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։