17:29 | 25.12.25 | Նորություններ | 63
ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը:
Այն կիրականացվի ամերիկյան Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում։
Փորձնական ծրագրի նպատակն է աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին եւ անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման եւ տեղակայման համար։
Ծրագիրն ուղղված է ոչ միայն առանձին նախաձեռնությունների խթանմանը, այլեւ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը՝ համահունչ ոլորտի պետական աջակցության քաղաքականությանը։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների եւ համագործակցության բաց հարթակ՝ աջակցելով տեխնոլոգիական ընկերություններին եւ հետազոտողներին գիտահետազոտական գործունեության եւ արտադրանքի մշակման ամբողջ գործընթացում։
Փորձնական ծրագրի շրջանակում Վիրտուալ ինստիտուտը կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման եւ հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաեւ կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման եւ համագործակցության համար:
Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։
Բացի այդ, AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին եւ առաջատար միջազգային փորձը։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաեւ միջազգային գործընկերներ Mistral AI եւ Plug and Play ընկերությունները՝ նպաստելով նախաձեռնության նորարարական եւ համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը։
Հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ai.gov.am հարթակում։