10:20 | 19.01.26 | Նորություններ | 124
Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։
Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ եւ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձեւավորում եւ զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։
«Սոֆթ Կոնստրակտն այս պահի դրությամբ ունի 8000 աշխատակից, օֆիսներ՝ 16 երկրում, եւ տարբեր գործընկերներ 80-ից ավելի երկրներում», - ներկայացնելով ընկերության ձեւավորման ճանապարհը եւ անցած ուղին՝ նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, Սոֆթ Կոնստրակտ ընկերության խորհրդի անդամ Ռոման Բադալյանը:
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարեւորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը՝ նպաստելով նրանց զարգացմանը եւ միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլեւ որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձեւավորման գործում։