Ucom-ը եւ Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցությունը՝ ուղղված Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների եւ հետազոտողների համայնքի զարգացմանը։ 

Ucom-ը՝ որպես Hero House-ի թվային գործընկեր, կայուն ինտերնետ կապ եւ համապատասխան ծառայություններ է տրամարդում նորարարական հաբին՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքը եւ տեխնոլոգիական թիմերի զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի եւ այլ նախաձեռնությունների անցկացման վայրը։ Հարյուրավոր ստարտափների՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու եւ մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու առաջին քայլերն արվել են Hero House-ում։ 

«Ucom-ի համար տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն ու թվային միջավայրի հզորացումը առաջնային նշանակություն ունեն։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում հուսալի եւ բարձրորակ կապի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նորարարության, հետազոտության եւ ինժեներական մտքի զարգացմանը Հայաստանում։ Համոզված ենք, որ ժամանակակից թվային լուծումները կարեւոր հիմք են մրցունակ եւ առաջադեմ տեխնոլոգիական համայնքի ձեւավորման համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House-ը հարթակ է, որն ամրապնդում է Հայաստանի եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համայնքների միջեւ կապը՝ ծառայելով որպես գաղափարների եւ նախաձեռնությունների ձեւավորման հարթակ: Վստահ ենք, որ Ucom-ի հետ շարունակական համագործակցությունը իր կարեւոր նպաստն է բերելու այս նորարարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի համահիմնադիր եւ գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը միավորում է համագործակցային աշխատանքային միջավայր փնտրող ստեղծագործ անհատների, ֆրիլանսերների, ծրագրավորողների, ձեռներեցների, դիզայներների, տեխնոլոգիական լրագրողների եւ դինամիկ ստարտափ թիմերի։ Այն նաեւ համայնքային միջոցառումների եւ էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն է։