Հայտնի են համահայկական Innovate Armenia մրցույթի հաղթողները։ 

Արդեն երկրորդ տարին անցկացված մրցույթին մասնակցելու համար այս անգամ դիմել էր գրեթե 200 հայ նորարար՝ ներկայացնելով ամենատարբեր նախագծեր։    

Հայաստանի նորարարական պրոդուկտների զարգացումը խթանող մրցույթի ինկուբացիոն փուլի 70 թիմից 25-ը մասնակցել է բութքեմփի փուլին, իսկ նրանցից երեքն արժանացել են մրցանակների՝ յուրաքանչյուրը 22,500 ԱՄՆ դոլարի չափով: 

Հաղթողներն են՝ Astronaut կրթական լաբորատորիան, BALLISTIQ հրաձգության օգնականը եւ կողոպուտների կանխարգելման անվտանգության համակարգ SafeGround Technologies-ը։ 

Innovate Armenia մրցույթի նպատակն է խրախուսել եւ աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացումը եւ միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: Մրցույթը նախաձեռնել եւ իրականացնում է TCF Armenia-ն՝ այս անգամ Helvetas շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ։ 

«Մեզ համար այս մրցույթը պարզապես դրամաշնորհային ծրագիր չէ։ Սա մտածելակերպի փոփոխություն է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում ծնվող գաղափարները չմնան գծագրերի մակարդակում, այլ վերածվեն իրական, շոշափելի, միջազգային շուկաներում մրցունակ պրոդուկտների։ Յուրաքանչյուր մասնակցի հետ մենք աշխատում ենք ոչ միայն որպես մենտոր, այլ որպես գործընկեր՝ օգնելով հասկանալ շուկան, գնահատել ռիսկերը, կատարելագործել դիզայնը, ձեւավորել ճիշտ բիզնես մոդել եւ կառուցել կայուն արտադրական շղթա», - նշել են կազմակերպիչները։

Հաղթած թիմերը կստանան աջակցություն գաղափարի վավերացումից մինչեւ արտադրություն, ներառյալ՝ մենտորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծում, պրոդուկտը շուկա տանելու աջակցություն, ինչպես նաեւ նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների եւ արտադրողների մեծ բազայի հետ։
 
TCF Armenia-ն բութքեմփի փուլի 25 թիմի համար անվճար հասանելի է դարձրել Prelaunch հարթակի միջոցով շուկայի համապատասխանության ստուգումը, ինչպես նաեւ տրամադրել մասնագիտական աջակցություն։