Երեւանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների արդյունքները։

«Նոր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ ամենուրեք տեսախցիկներ են, միեւնույն է՝ երեխաների անվտանգության հարցը շարունակում է մնալ արդիական, եւ երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու խիստ պահանջ կա։ Ներկայացված հետազոտության տվյալները մտահոգիչ են, եւ մենք պետք կարողանանք ճիշտ մոտեցումներ գտնել ռիսկերի նվազեցման եւ երեխաների առցանց  անվտանգության ապահովման առումով։ 

Աշխարհում կան տարբեր փորձեր՝ համացանցի կամ սոցիալական ցանցերի մուտքի սահմանափակումների առումով. երեխայի տարիքից, զարգացման առանձնահատկություններից, ինքնակառավարման հմտություններից ելնելով՝ կարող են լինել տարբեր լուծումներ, ինչպես նաեւ ծնողական վերահսկողության որոշակի աստիճաններ: Ծնողական վերահսկողությունը, բնականաբար, պետք է տարիքի հետ նվազի, բայց դրան զուգընթաց՝ պետք է վստահ լինենք, որ երեխայի մոտ ձեւավորված են կարողություններ եւ գիտելիքներ՝ առցանց միջավայրում ապահով եւ անվտանգ գործունեության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա ընդգծել է, որ երեխայի թվային գրագիտության   կարողությունների եւ հմտությունների ձեւավորումը Հանրակրթության նոր չափորոշչի հստակ պահանջ է, եւ դպրոցում ուսուցանվող «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկայի նպատակն է ապահովել համապատասխան գիտելիքներ։ 

Արաքսիա Սվաջյանը համոզմունք է հայտնել, որ ծնողների շրջանում եւս մեծ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի նրանք կարողանան վերահսկել երեխաների գործողություններն առցանց միջավայրում:

«Այսօրվա երեխաներն ու դեռահասները մեծանում են թվային տեխնոլոգիաների միջավայրում, որը նրանց կյանքի անբաժան մասն է: Այդ տարածքում նրանք ստանում են տեղեկատվություն, ստեղծում ու պահպանում ընկերական կապեր եւ արտահայտում իրենց ստեղծագործ միտքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք բավական լայն եւ հաճախ առանց բավարար վերահսկողության հասանելիություն ունեն սոցիալական մեդիային։ Թեեւ զգալի աշխատանք է կատարվել, սակայն դեռեւս մեծ աշխատանք կա անելու՝ ապահովելու, որ երեխաները լինեն անվտանգ առցանց միջավայրում։ 

Այս նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել օրենսդրության, քաղաքականությունների, չափորոշիչների եւ կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ համադրելով երեխայի իրավունքների պաշտպանությունը մասնագիտացված տեխնիկական փորձագիտության եւ միջազգային լավագույն փորձի հետ»- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։

Աշխատաժողովում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է Disrupting Harm in Armenia (2025) [Վերջ տալ վնասին] ազգային հետազոտական նախագիծը եւ Kids Online: Risks and Opportunities [Երեխաները՝ առցանց. ռիսկեր եւ հնարավորություններ] որակական հետազոտությունը։ 

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են վերը նշված հետազոտությունների փաստահեն տվյալները եւ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ներկա իրադրությունը՝ հետագա քայլերի համար հիմնական ուղղություններն ու նախաձեռնությունները ձեւավորելու նպատակով։