Հայկական Picsart-ը գործարկել է AI գործակալների մարկետփլեյս, որը թույլ կտա ստեղծողներին «վարձել» AI օգնականների՝ տարբեր առաջադրանքներ կատարելու համար:

AI գործակալները կարող են, օրինակ, սոցիալական բովանդակության չափեր փոփոխել եւ վերամշակել կամ Shopify-ում ապրանքների լուսանկարները խմբագրել։

Աշխարհում ավելի քան 130 միլիոն օգտատեր ունեցող Picsart-ը, որի օգտատերերի մեծ մասը Gen Z սերնդից է, կարելի է համեմատել սոցիալական մեդիայի մենեջերների եւ կոնտենտ ստեղծողների համար նախատեսված ավելի առաջադեմ Canva-ի հետ, գրում է TechCrunch-ը։ 

Նման հարթակի գործարկման ժամանակը նույնպես հաջող է ընտրված․ վիրուսային նախագծերը, ինչպիսին է OpenClaw-ը, մեծացրել են արդյունաբերության պահանջարկը agentic AI չատբոտերի նկատմամբ, որոնք կարող են գործել որպես անձնական օգնականներ եւ կատարել տարբեր առաջադրանքներ։

«Ստեղծողները երկար ժամանակ մնացել են յուրաքանչյուր workflow-ի օպերատորի դերում՝ նրանք են կատարողը, ոչ թե որոշում կայացնողը։ Մեր գործակալները փոխում է այդ հարաբերությունը․ դուք սահմանում եք ուղղությունը, գործակալը իրական տվյալների հիման վրա կազմում է ծրագիր, դուք հաստատում եք եւ այն կատարում է»,- TechCrunch-ի հետ զրույցում նշել է Picsart-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։

Picsart-ը հայտնում է, որ ամեն շաբաթ կներկայացնի նոր մասնագիտացված գործակալներ, սակայն մեկնարկի պահին ստեղծողները կարող են աշխատել չորս գործակալների հետ՝ Flair, Resize Pro, Remix եւ Swap։


Flair գործակալը դրանցից ամենաբարդն է։ Այն ինտեգրված է Shopify-ի հետ եւ կարող է աշխատել որպես օնլայն խանութների սեփականատերերի օգնական։ Գործակալը վերլուծում է շուկայի միտումները եւ առաջարկում, թե ինչպես կարելի է բարելավել խանութը, օրինակ՝ խորհուրդ է տալիս խմբագրել ապրանքների լուսանկարները, որպեսզի դրանք ավելի համահունչ տեսք ունենան։ Ապագա թարմացումներում Flair-ը կկարողանա նաեւ իրականացնել A/B թեստեր եւ հայտնաբերել թույլ արդյունք ունեցող ապրանքները՝ առաջարկելով վաճառքը բարելավելու ուղիներ։

Resize Pro գործակալը կարող է փոխել պատկերների եւ տեսանյութերի չափերը՝ տարբեր հարթակների առաջարկվող չափանիշներին համապատասխան։ Եթե սկզբնական մեդիան հարմար չէ տվյալ չափի համար, AI-ը կարող է գեներատիվ կերպով ընդլայնել կադրի շրջանակը, որպեսզի վերջնական արդյունքը բնական տեսք ունենա եւ պարզապես կտրատված չթվա։

Remix գործակալը թույլ է տալիս ստեղծողներին նկարագրել ցանկալի ոճը՝ օրինակ «vintage film», «watercolor» կամ «cyberpunk» եւ խմբագրել առկա լուսանկարների գրադարանը այդ թեմայի շրջանակում։ 

Swap գործառույթը թույլ է տալիս զանգվածաբար փոխել լուսանկարների ֆոները։

Flair-ի նման գործակալների համար, որոնք աշխատում են «կուլիսների հետեւում» եւ վերլուծում խանութի տվյալները, օգտակար կլինի նաեւ այն, որ օգտատերերը կարող են նրանց հետ շփվել WhatsApp-ում կամ Telegram-ում։ Picsart-ը ինտեգրվել է այս հավելվածների հետ, քանի որ դրանց API-ները թույլ են տալիս ընկերություններին ստեղծել AI չատբոտեր։ Ապագայում, երբ նման գործիքներ ավելացվեն նաեւ այլ հարթակներում, գործառույթների շրջանակը կարող է ընդլայնվել։


Picsart-ը թույլ է տալիս սահմանել գործակալների «ինքնավարության մակարդակ», օրինակ Flair-ի դեպքում, որպեսզի որոշ գործողություններ իրականացվեն միայն ստեղծողի հաստատումից հետո։

Ինչպես շատ այլ AI գործիքներ, Picsart-ը նույնպես առաջարկում է անվճար փաթեթ, որը շաբաթական տրամադրում է սահմանափակ քանակությամբ AI կրեդիտներ։ Ավելի մեծ հնարավորություններ ստանալու համար օգտատերերը կարող են ընտրել պրեմիում բաժանորդագրություն, որի արժեքը սկսվում է ամսական մոտ $10-ից (տարեկան վճարման դեպքում)։ AI գործակալներից օգտվելու համար, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի վճարովի փաթեթ։