2026 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 14-ը Երեւանում կանցկացվի գենոմային կենսաինֆորմատիկայի հինգերորդ միջազգային ամառային դպրոցը՝ OMICSS-26-ը։ 

OMICSS-26-ը կրթական նախաձեռնություն է, որն ուղղված է կենսաինֆորմատիկայի ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդների գիտելիքների եւ գործնական հմտությունների զարգացմանը։ Ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն է տալիս խորությամբ ծանոթանալ ժամանակակից կենսաինֆորմատիկայի հիմնական ուղղություններին՝ ներառյալ սեքվենավորման տեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկայի ալգորիթմներ, հաջորդ սերնդի սեքվենավորման տվյալների վերլուծություն եւ ֆունկցիոնալ գենոմիկա։

Ամառային դպրոցի ձեւաչափը համադրում է ուսուցումն ու հետազոտական գործնական փորձը։ Մասնակիցները ծրագրի առաջին իսկ օրից ներգրավվում են ABI-ի հետազոտական նախագծերում եւ նոր ձեռք բերած գիտելիքները միանգամից կիրառում իրական տվյալների հետ աշխատանքում։

OMICSS-26-ը բաց է Հայաստանից եւ արտերկրից դիմորդների համար։ Ծրագրին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք ավարտել են բակալավրիատի առնվազն մեկ կիսամյակ եւ ունեն նախնական պատրաստվածություն մոլեկուլային կենսաբանության, ծրագրավորման (R կամ Python) եւ վիճակագրության ոլորտներում։

Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել նաեւ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ։ OMICSS-26-ի հրավիրյալ հյուրերից են Եվրոպական կենսաինֆորմատիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն Ռոլֆ Ապվայլերը եւ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Հանս Բինդերը։ 

Ամառային դպրոցն կավարտվի Դիլիջանում անցկացվող բութքեմփով, որի ընթացքում մասնակիցները մենտորների ուղեկցությամբ կներկայացնեն դպրոցի ընթացքում իրականացված նախագծերի արդյունքները։

OMICSS-26-ին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Դիմումների վերջնաժամկետներն է հունիսի 7-ը։

Դիմորդները կարող են նաեւ մասնակցել մոլեկուլային կենսաբանության, ծրագրավորման եւ վիճակագրության ընդունելության բանավոր քննություններին՝ համապատասխան վերջնաժամկետներից հետո տասը օրվա ընթացքում։ Քննության արդյունքների հիման վրա տրամադրվում են ուսման վճարի ամբողջական եւ մասնակի զեղչեր։

Դիմելու մանրամասները հասանելի են այստեղ։ 

Ամառային դպրոցի կազմակերպիչն է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը (Armenian Bioinformatics Institute, ABI)՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ ARCS.AI-ի հետ համագործակցությամբ։