Ապրիլի 27-ին Երեւանում մեկնարկել է «Կիբեռանվտանգության վերապատրաստման դասընթաց քաղաքականություն մշակողների եւ քաղաքացիական ծառայողների համար» երկօրյա վերապատրաստման ծրագիրը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը նշել է, որ ծրագիրը հատկապես կարեւոր է պետական հատվածի աշխատակիցների քաղաքականություն մշակողների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս հասկանալու պետական որոշումների հիմքում ընկած մոտիվացիան, ընթացիկ զարգացումները եւ ապագա նպատակները։

Նա կարեւորել է նաեւ միջազգային համագործակցությունը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ սերտ համագործակցության արդյունք է։ 

Նրա խոսքով՝ ժամանակակից կիբեռտիրույթում ոչ մի երկիր չի կարող լիարժեք պաշտպանված լինել միայնակ, եւ միայն համատեղ ջանքերի ու փորձի փոխանակման միջոցով է հնարավոր դիմակայել առկա մարտահրավերներին։ Նա կոչ է արել մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներին, բարձրացնել հարցեր եւ օգտագործել հարթակը՝ որպես ուսուցման եւ փորձի փոխանակման արդյունավետ հնարավորություն։

Վերապատրաստման ծրագիրը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ESCAP) եւ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուսումնական կենտրոնի (APCICT) նախաձեռնությամբ։

Ծրագիրը նախատեսված է պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են թվային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ցանցային անվտանգության ոլորտներում։ Այն նպատակ ունի զարգացնել մասնակիցների գիտելիքները տեղեկատվական անվտանգության, տվյալների պաշտպանության եւ արհեստական բանականության հիմունքների վերաբերյալ, բարձրացնել իրազեկվածությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների եւ դրանց ազդեցության մասին, ինչպես նաեւ աջակցել արդյունավետ քաղաքականությունների մշակմանը՝ միջազգային փորձի հիման վրա։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն կիբեռռիսկերը եւ կմշակեն անվտանգ թվային միջավայրի ձեւավորմանն ուղղված առաջարկություններ։ 

Ապրիլի 29-30-ը նախատեսված է նաեւ «Արհեստական բանականության հիմունքներ քաղաքականություն մշակողների եւ քաղաքացիական ծառայողների համար» դասընթացը։