09:11 | 28.04.26 | Նորություններ | 265

«ԱԲ սերնդի» առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները

ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր ստացել են ավարտական վկայականները։

photo © ԿԳՄՍՆ


Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ են հանձնվել 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտների, որոնք անցել են «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։ 

photo © ԿԳՄՍՆ


Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակում։ 

Արաքսիա Սվաջյանը Արաքսիա Սվաջյանը
photo © ԿԳՄՍՆ


«Ծրագիրը նպաստում է  հանրակրթության մրցունակության բարձրացմանը՝ ձեւավորելով ԱԲ կարողունակություններով օժտված շրջանավարտ։ Կարծում ենք, որ հանրակրթության ոլորտում այս ծրագրի ներդրումը շատ կարեւոր նշանակություն ունի եւ համարվում է նորարարական մոտեցում։ Ուրախ եմ նաեւ արձանագրել, որ «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը զբաղեցրել է 2-րդ տեղը:

photo © ԿԳՄՍՆ


«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի փորձարկման առաջին փուլի ամփոփմանը զուգահեռ  նախորդ տարի ընդլայնվել է դպրոցների ցանկը: 

«Նպատակ ունենք բոլոր խոշոր բնակավայրերի ավագ դպրոցներում ներդնել ծրագիրը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված բոլոր երեխաներին տալով հնարավորություն այս ուղղությամբ ստանալու խորացված կրթություն», - ասել է նախարարի տեղակալը:

Սյուզաննա Շամախյանը Սյուզաննա Շամախյանը
photo © ԿԳՄՍՆ


FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը մի քանի միջազգային մրցանակ է ստացել, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

«Ծրագրի արձանագրած հաջողությունները եւ արդյունքները հիմք են հանդիսանում այն շարունակելու եւ ընդլայնելու համար»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը։