Կապի թանգարանն այս տարի եւս միանում է թանգարանային տոներին: 

Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, եւ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ տելեգրաֆ, ռադիոկապի սարք, Մորզեի սարք, տաքսաֆոններ եւ այլ սարքեր:  Այցելուները կարող են տեսնել՝ ինչպիսին էր կապը հարյուրամյակներ առաջ, եւ ինչ ճանապարհ է եղել դեպի ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ: 

«Team-ը՝ որպես ազգային օպերատոր եւ Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ սիրով է կրում կապի պատմությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հեռահաղորդակցությունը մեր երկրում իսկապես հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհ է անցել՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ ողջ ճանապարհը ներկայացնում ենք թանգարանում՝ պարբերաբար համալրելով նմուշները անհավանական արագությամբ զարգացող ոլորտին բնորոշ նոր սարքավորումներով եւ սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալու հեռահաղորդակցության էվոլյուցիային»,- ասել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տարվա ամենաթանգարանային օրերին Կապի թանգարանը խոստանում է ապահովել ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլեւ փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երեւանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, մայիսի 16-ին կգործի 15:00-21:00-ն, մայիսի 18-ին՝ 15:00-18:00-ն:
Տոնական օրերից բացի մյուս օրերին եւս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 99 000811 հեռախոսահամարին կամ գրելով museum@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է: