Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր տեղը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ծառայությունների վրա հիմնված ՏՏ երկրից անցում կատարելով սեփական ինժեներական, գիտական եւ պաշտպանական արտադրանք ստեղծող պետության մոդելին։
Այս տրամաբանությամբ ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Powered by Silicon Mountains Expo and Forum երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այն կհամադրի գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը եւ նորարարությունը մեկ հարթակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը որոշել է դրամաշնորհի տեսքով շուրջ 60 միլիոն դրամի աջակցություն տրամադրել ՏՀՏ գործատուների միությանը միջոցառման կազմակերպչական եւ բովանդակային ծախսերի համար։
Մխիթար Հայրապետյանը
photo © Մեդիամաքս
«Տարիներ շարունակ Հայաստանում անցկացվող «Սիլիկոնյան սարեր» տեխնոլոգիական միջոցառումը կարողացել է դառնալ միջազգային հարթակ՝ համախմբելով ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների։ Սակայն այս տարի նախաձեռնությունը ստանում է նոր ուղղվածություն։ Կառավարությունը որոշել է մասնակցել եւ ֆինանսապես աջակցել միջոցառմանը, քանի որ այն համահունչ է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ռազմավարությանը»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
photo © Մեդիամաքս
Երկօրյա միջոցառման կարեւոր բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանում մշակված եւ արտադրված պաշտպանական արտադրանքների ցուցադրությունը։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին ինժեներական արտադրանքի մասին խոսելիս առաջին հերթին ուշադրության կենտրոնում է հայտնվում պաշտպանական արդյունաբերությունը:
«Անհրաժեշտ է ստեղծել նոր հարթակներ, որոնք հնարավորություն կտան հայկական պաշտպանական եւ ինժեներական ընկերություններին աշխարհին ներկայացնել իրենց արտադրանքը, գտնել նոր գործընկերներ եւ բացել արտահանման նոր ուղիներ։
Մխիթար Հայրապետյանը
photo © Մեդիամաքս
Բացի այդ, կառավարությունը կարեւորում է միջոցառման կրթական եւ հանրային ազդեցությունը։ Նման նախաձեռնությունները կարող են բարձրացնել ճարտարագիտական մասնագիտությունների գրավչությունը երիտասարդների շրջանում եւ օգնել նոր սերնդին տեսնել իրենց տեղը տեխնոլոգիական աշխատաշուկայում»,- ասել է նախարարը։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում դեռ 2018 թվականից ձեւավորված գաղափարն է. Հայաստանում ստեղծել միջազգային մակարդակի տեխնոլոգիական միջավայր համաշխարհային տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս տարվա RISE ֆորումը, ըստ նրա, առանձնանում է իր կոնցեպտով։
Էդուարդ Մուսայելյանը
photo © Մեդիամաքս
«RISE ֆորումի ընթացքում նախատեսվում է ոչ միայն քննարկումներ ու ելույթներ, այլեւ տեխնոլոգիական ցուցադրություններ, որտեղ ֆիզիկապես կներկայացվեն հայկական գիտության եւ ինժեներական մտքի արդյունքները։ Այն ունենալու է երեք հիմնական ուղղություն՝ հետազոտական կենտրոնների եւ ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները»,- նշել է Էդուարդ Մուսայելյանը:
Կարեւոր բաղադրիչներից են ինտերակտիվ ցուցադրություններն ու սիմուլյացիոն գոտիները։
«Կներկայացվեն ավելի քան 45 պաշտպանական եւ տեխնոլոգիական լուծումներ, այդ թվում՝ անօդաչու համակարգեր։ Նախատեսում են նաեւ հատուկ սիմուլյացիոն վարժանքներ եւ գործնական ցուցադրություններ, որպեսզի երիտասարդները տեղում կարողանան ծանոթանալ տեխնոլոգիաներին, փորձարկել տարբեր համակարգեր եւ ավելի մոտիկից հասկանալ ոլորտի հնարավորությունները։
Էդուարդ Մուսայելյանը
photo © Մեդիամաքս
Մենք փորձում ենք հետաքրքրություն առաջացնել բոլոր շերտերի մոտ, հատկապես երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան այս ոլորտում: Ֆորումում կգործի նաեւ առանձին նեթվորքինգ գոտի բիզնես հանդիպումների համար»,- նշել է նա։
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով՝ Հայաստանի ՏՀՏ ոլորտն արդեն երկար տարիներ կարեւոր դեր ունի երկրի տնտեսության համար, սակայն այժմ անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլ։
«Հայկական բազմաթիվ տեխնոլոգիական թիմեր եւ ընկերություններ մինչ այժմ աշխատել են հիմնականում համաշխարհային շուկաների համար՝ ստեղծելով արժեք, որը դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Մեր հիմնական նպատակներից մեկը` նպաստել հայկական լիարժեք արտադրանքի ձեւավորմանը: Դրա համար հայկական ընկերությունները պետք է սկսեն ավելի սերտ համագործակցել միմյանց հետ»,- ասել է նա։
Արմեն Բալդրյանը
photo © Մեդիամաքս
Նրա խոսքով՝ RISE ֆորումը հենց այդպիսի համագործակցությունների ձեւավորման հարթակ պետք է դառնա։
«Կարեւոր է ամբողջ շղթայի ձեւավորումը՝ գիտությունից եւ հետազոտություններից մինչեւ ինժեներական մշակում եւ արտադրություն։ Սա միակ ճանապարհն է, որը կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում, այլ տնտեսության բոլոր ճյուղերում»,- ասել է նա։
RISE Forum Powered by Silicon Mountains միջոցառումը նախատեսված է բոլորի համար, միանալ հնարավոր է
այստեղ:
Նունե Գրիգորյան Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի