StartupBlink 2026 զեկույցում Հայաստանը համաշխարհային մասշտաբով զբաղեցրել է 55-րդ տեղը։
Նախորդ տարվա զեկույցի համեմատ Հայաստանի համաշխարհային դիրքը նահանջել է մեկ հորիզոնականով, սակայն էկոհամակարգն ինքնին աճել է առողջ տեմպերով (+16.2%), ինչը գերազանցում է Եվրոպայի միջին աճը (+7.3%) եւ Արեւմտյան Եվրոպայի շատ հասուն էկոհամակարգերի ցուցանիշը։
Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը՝ Բալթյան երկրներից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո։
• Էստոնիա #12
• Լիտվա #22
• Ռուսաստան #42
• Ուկրաինա #43
• Լատվիա #48
• Հայաստան #55
• Վրաստան #66
• Ղազախստան #71
• Ուզբեկստան #79
• Ադրբեջան #81
• Մոլդովա #82
• Բելառուս #95
Մեկ շնչի հաշվով Հայաստանը մնում է տարածաշրջանի ամենաուժեղ ստարտափ էկոհամակարգն ունեցող երկիր, որն աճ է գրանցել 16.2%-ով, ինչը Եվրոպայի մեծ մասից բարձր ցուցանիշ է։
Հայաստանը շարունակում է գերազանցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի նման խոշոր տարածաշրջանային տնտեսություններին։
Սա ցույց է տալիս, որ Հայաստանը, հնարավոր է, մտնում է ավելի հասուն փուլ, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցները մտնում են ավելի վաղ աքսելերացիոն ցիկլեր։
Վրաստանը (+78%), Մոլդովան (+91.9%) եւ Ուզբեկստանը (+227%) շատ արագ են զարգանում։ Տարածաշրջանային ստարտափ լանդշաֆտը զգալիորեն ավելի մրցունակ է դառնում։ Հայաստանում դեռեւս բավարար քանակությամբ գլոբալ մասշտաբի բեկումնային ընկերություններ, ավելի խորը կապիտալի պաշարներ եւ ավելի ուժեղ միջազգային տեսանելիություն չկան։
Նշենք, որ այս տարվա զեկույցի Հայաստանի բաժնի մշակմանն աջակցել են Enterprise Armenia-ն եւ STAN-ը։
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։