Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ)  հայտարարում է թվային անվտանգության վերաբերյալ գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանն ուղղված «Կիբերանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» ծրագրի մեկնարկի մասին։  

Ծրագրի շրջանակում կանցկացվեն «Կիբերանվտանգության հիմունքներ» խորագրով անվճար դասընթացներ, որոնց ընթացքում 14-17 տարեկան դպրոցականները կծանոթանան կիբերանվտանգության հիմնական թեմաներին, կսովորեն անվտանգ գործել թվային միջավայրում եւ ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ ժամանակակից թվային սպառնալիքները հասկանալու եւ դրանցից պաշտպանվելու համար։

«Թվային աշխարհում անվտանգությունը դարձել է ոչ միայն տեխնիկական, այլեւ կրթական առաջնահերթություն։ Ucom-ի համար կարեւոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք օգնում են երիտասարդներին ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ եւ անվտանգ ու պատասխանատու կերպով օգտվել տեխնոլոգիաներից։ Վստահ ենք, որ այս ծրագիրը դեռահասներին կտա կարեւոր հմտություններ, որոնք օգտակար կլինեն թե՛ առօրյայում, թե՛ ապագա մասնագիտական ճանապարհին»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաեւ արդի թվային ռիսկերին, ներառյալ՝ արհեստական բանականությամբ պայմանավորված սպառնալիքներին, deepfake տեխնոլոգիաներին եւ առցանց մանիպուլյացիաների մեխանիզմներին։

«Մեզ համար կարեւոր է, որ դեռահասները ոչ միայն օգտվեն տեխնոլոգիաներից, այլ նաեւ հասկանան, թե ինչպես անվտանգ գործել թվային միջավայրում եւ զարգացնել իրենց հետաքրքրությունը կիբերանվտանգության ոլորտի նկատմամբ։ Վստահ ենք, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն գիտելիքների փոխանցմանը, այլեւ պատասխանատու թվային մշակույթի ձեւավորմանը Հայաստանում»,- նշել է ՄԻԿ-ի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը մասնակիցներին հնարավորություն կտա թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլեւ թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության եւ խնդիրների լուծման հմտությունները։

Ծրագրի արդյունքում 60-70 դեռահաս ձեռք կբերի կիբերանվտանգության բազային գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ իրենց անձնական սարքերում եւ թվային միջավայրում առավել անվտանգ ու վստահ գործելու համար։ Նախաձեռնությունը նաեւ հիմք կստեղծի հետագայում այս ուղղությամբ կրթությունը շարունակելու եւ մասնագիտական հետաքրքրություններ ձեւավորելու համար։

Ծրագրի մանրամասներին, մասնակցության պայմաններին եւ գրանցման ընթացքին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

Ucom-ի եւ ՄԻԿ-ի համագործակցությունը միավորում է տեխնոլոգիաները, կրթությունն ու անվտանգությունը՝ նպաստելով Հայաստանում ավելի իրազեկ, պաշտպանված եւ տեխնոլոգիապես պատասխանատու երիտասարդ սերնդի ձեւավորմանը։