14:40 | 10.06.26 | Նորություններ | 100
Հունիսի 6-ին կայացել է Սամսունգ Էլեկտրոնիքսի Ինովացիոն կամպուս տեխնոլոգիական կրթական ծրագրի՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում գործող հայաստանյան կամպուսի ուսանողների 4-րդ սերնդի ավարտական միջոցառումը:
Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 93 ուսանող հաջողությամբ ավարտել են Սամսունգի ինովացիոն կամպուսի 9-ամսյա ֆորմալ դասընթացները: Այս տարի Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը ներմուծել է համալսարանական տարիքի երիտասարդների համար նախատեսված «Արհեստական բանականություն» (ԱԲ) նորագույն դասընթացը, որ մշակվել է Սամսունգի փորձագետների կողմից:
Դասընթացի շրջանակում ուսանողները խորացված ուսումնասիրում են մեքենայական ուսուցում և նեյրոնային ցանցեր՝ կիրառական գիտելիքներ ձեռքբերելով համակարգչային տեսողության և բնական լեզվի մշակման ոլորտներում: Այս տարի ավարտեց առաջին ԱԲ հոսքը՝ 19 ուսանող:
Արհեստական բանականության և մոբայլ հավելվածների դասընթացները ներառում են ամենշաբաթյա մեկ առկա դաս 4 ժամ տևողությամբ և անհատական ավարտական նախագծի վրա աշխատանք:
Ավարտական վկայական ստանալու համար դասընթացի մասնակիցներն իրենց նախագծերը ներկայացնում են գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկվում են Սամսունգի կողմից սերտիֆիկացված հրահանգիչներ, համակարգչային գիտության ոլորտի մասնագետներ և տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչներ:
Այս տարի գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին՝ Սամսունգի ներկայացուցիչ Ալեքսեյ Շադրիկովը, Թումո Դիլիջանի տնօրեն Գևորգ Տիրատուրյանը, Nvidia ընկերության ռոբոտատեխնիկայի ավագ ծրագրավորող Այգուլ Ջումամուրատովան, reArmenia հիմնադիր Գևորգ Պողոսյանը, reArmenia պրոդուկտի ղեկավար Արտակ Գրիգորյանը, List.am և EPIC հիմնադիր Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, Yandex Armenia-ի և Yandex Georgia-ի ղեկավար, Yango Group Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը:
2021թ. բացվելուց ի վեր UWC Դիլիջանում գործող Սամսունգի ինովացիոն կամպուսը հետևողականորեն ապահովում է քննական բարձր արդյունքներ և ներկայացնում դասընթացի արդյունքում ստեղծած գերազանց ավարտական նախագծեր:
UWC Դիլիջանը և տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքս ընկերությունը 2021թ. Դիլիջան քաղաքում բացեցին Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը: Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը, տվյալ դեպքում հայ երիտասարդների համար ստեղծելով հնարավորություն կատարելագործելու իրենց ՏՏ հմտությունները և սովորելու Android ծրագրավորում:
Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստան ծրագրի իրականացման համար Սամսունգ Էլեկտրոնիքսը տրամադրել է ժամանակակից տեխնիկա, այդ թվում՝ 25 դեսքթոփ համակարգիչներ, ինտերակտիվ էկրաններ և այլ սարքավորում:
«Մեզ համար մեծ հաճույք է UWC Դիլիջանում ողջունել Սամսունգի ինովացիոն կամպուսի շրջանավարտների չորրորդ սերնդին։ Այս տարի ծրագիրն ավարտած ավելի քան իննսուն ուսանողների թվում են արհեստական բանականության (AI) դասընթացի մեր առաջին շրջանավարտները, ինչով մենք անկեղծորեն հպարտանում ենք։ Բոլոր շրջանավարտները ներկայացրել են բացառիկ նախագծեր՝ մշակված գաղափարից մինչև գործող լուծումներ։ Սամսունգի ինովացիոն կամպուսն օգնում է երիտասարդներին գործնական աշխատանքի միջոցով յուրացնել ՏՏ ոլորտի պահանջված հմտություններ: Ուստի հուսով ենք, որ այն գիտելիքն ու գործնական փորձը, որ մեր ուսանողները ստացել են ուսումնառության ընթացքում, կօգնեն նրանց ապագայում։ Մաղթում ենք բոլորին հաջողություններ ՏՏ ոլորտում», - նշել է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պևնևը։
«Մենք հպարտանում ենք Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի շրջանավարտների ձեռքբերումներով: Այս նորարարական ծրագրի շնորհիվ նրանք ստացել են անհրաժեշտ գիտելիք և հմտություններ ՏՏ ոլորտում կրթությունը շարունակելու և աշխատելու համար, միաժամանակ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի դիրքերի ամրապնդմանը: Ուրախալի է, որ Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի կրթական պորտֆելն այժմ ներառում է նաև Արհեստական բանականության դասընթաց համալսարանական տարիքի երիտասարդների համար՝ աջակցելով ապագա տաղանդների զարգացմանը աշխարհի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկում», - նշել է Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:
2026-27 ուսումնական տարվա հայտերի ընդունումը բաց է ինչպես 14-16 տարեկանների համար նախատեսված բջջային հավելվածների դասընթացի, այնպես էլ համալսարանականների համար նախատեսված ԱԲ դասընթացի համար: Երկու դասընթացներն էլ ֆինանսավորվում են Սամսունգի կողմից և անվճար են: