16:08 | 07.08.26 | Նորություններ | 114
OpenAI-ի խորհրդավոր նոր սարքի մասին շարունակում են նոր մանրամասներ ի հայտ գալ։
Ավելի վաղ այն նկարագրվել էր որպես AI-ով աշխատող խելացի բարձրախոս, որը պետք է դառնա ChatGPT-ի «ֆիզիկական մարմնավորումը»։
Այժմ Bloomberg-ը հայտնում է, որ սարքը կունենա դոնաթի ձեւ, ինչը թույլ կտա այն հեշտությամբ տեղափոխել տան տարբեր հատվածներ եւ տեղադրել տարբեր վայրերում, օրինակ՝ մահճակալի կողքի սեղանին կամ խոհանոցի սեղանին։ Աղբյուրների խոսքով՝ այն պատրաստված կլինի բարձրորակ մետաղից ու նշվում է, որ կունենա առանձին «շարժվող մասեր»։
Սարքը կարող է մի փոքր ավելի թանկ լինել, քան սովորական խելացի բարձրախոսները՝ դրա գինը կարող է կազմել 300-400 դոլար։ Համեմատության համար՝ Amazon-ի խելացի տան բարձրախոսների մեծ մասի գները տատանվում են մոտ 40-240 դոլարի սահմաններում։
OpenAI-ի կողմից խելացի տան սարքերի շուկա մտնելու գաղափարը որոշակի տրամաբանություն ունի․ այն կարող է ավելի խորն ինտեգրել ChatGPT-ն օգտատերերի առօրյա կյանքում։ Սակայն պատմականորեն խելացի բարձրախոսները միշտ չէ, որ շահութաբեր են եղել եւ շուկա մուտք գործելը կարող է բարդ լինել։ Հնարավոր բարձր գինը նույնպես կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ։
Սարքը մշակվում է LoveFrom դիզայն ստուդիայի հետ համագործակցությամբ, որը հիմնադրել է Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը։ Bloomberg-ի տվյալներով՝ սարքը, հավանաբար, կթողարկվի 2027 թվականին։
OpenAI-ի՝ ապարատային սարքերի շուկա մտնելու փորձը, սակայն, առանց խնդիրների չի ընթանում։ Ընկերությանը դատի է տվել Apple-ը՝ մեղադրելով AI լաբորատորիային առեւտրային գաղտնիքներ գողանալու մեջ։ OpenAI-ը հերքել է մեղադրանքները։