14:10 | 10.08.26 | Նորություններ | 102

Հայտնի են Hack Armenia 24-ժամյա հաքաթոնի հաղթողները

Օգոստոսի 8–9-ը AI9 Startup Campus-ում անցկացվել է «Hack Armenia» խորագրով 24-ժամյա հաքաթոնը՝ նվիրված մեծ լեզվական մոդելների (LLM) կիրառմանը։ 

Միջոցառումն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։

Հաքաթոնը համախմբել է ծրագրավորողների, հետազոտողների, ուսանողների, ստարտափների հիմնադիրների եւ արհեստական բանականության ոլորտի այլ մասնագետների՝ նպատակ ունենալով նոր գիտելիքներն ու տեխնոլոգիական հնարավորությունները վերածել Հայաստանի համար իրական, չափելի եւ կիրառելի լուծումների։

Մասնակիցները 3–4 հոգանոց թիմերով 24 ժամվա ընթացքում մշակել են գաղափարներ, ստեղծել աշխատող նախատիպեր, փորձարկել եւ գնահատել դրանց արդյունավետությունը, ապա արդյունքները ներկայացրել փորձագիտական ժյուրիին։

«Hack Armenia»-ի փորձագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գեւորգ Մանթաշյանը, Դավիթ Զոհրաբյանը (OpenAI), Դավիթ Առաքելյանը (Eleveight AI), Արա Հախվերդյանը (AI9), Վազգեն Հակոբջանյանը (Magical Labs), Արտավազդ Երիցյանը (Async) եւ Վազգեն Բադալյանը (Evidenso)։

Ժյուրին թիմերի ներկայացրած լուծումները գնահատել է՝ կարեւորելով գաղափարի արդիականությունը, տեխնիկական իրագործման մակարդակը, չափելի արդյունքները եւ իրական պայմաններում կիրառելիությունը։

«Մեր նպատակն է, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը չսահմանափակվի միայն գիտելիքի կամ հետազոտության ստեղծմամբ։ Կարեւոր է ձեւավորել միջավայր, որտեղ այդ գիտելիքը հնարավորինս արագ վերածվում է աշխատող լուծումների, նոր պրոդուկտների եւ ընկերությունների։ Նման հաքաթոնները հենց այդ կապն են ստեղծում՝ միավորելով տաղանդը, տեխնոլոգիան եւ իրական խնդիրները»,- նշել է Գեւորգ Մանթաշյանը։

Հաքաթոնի հիմնական մրցանակները հովանավորել է OpenAI ընկերությունը՝ հաղթող թիմերին տրամադրելով OpenAI API կրեդիտներ.

•    1-ին տեղ՝ 12,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,
•    2-րդ տեղ՝ 7,500 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,
•    3-րդ տեղ՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ։

Eleveight AI ընկերությունը սահմանել է նաեւ հատուկ մրցանակ՝ ընտրված թիմին տրամադրելով 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք GPU հաշվողական ռեսուրս։

Հաքաթոնի կազմակերպիչներն են Armenia LLM Summer School-ը (Մեծ լեզվական մոդելների ամառային դպրոց), AI9 Startup Campus-ը եւ YerevaNN-ը։

Նախաձեռնությունը միավորում է կրթական, հետազոտական եւ ձեռնարկատիրական ներուժը՝ նպաստելով Հայաստանում արհեստական բանականության համայնքի զարգացմանը եւ հնարավորություն ստեղծելով նոր գիտելիքները վերածել գործնական լուծումների, տեխնոլոգիական արտադրանքի եւ նորարարական նախաձեռնությունների։