16:39 | 06.05.25 | Նորություններ | 114

Google-ը պատահաբար բացահայտել է Android-ի մասշտաբային ռեդիզայնը

Google-ը սխալմամբ հրապարակել է բլոգային գրառում, որտեղ ներկայացրել է Android-ի հաջորդ սերնդի դիզայնը՝ Material 3 Expressive-ը։

Գրառումը արագ ջնջվել է, սակայն այն հասցրել են պահպանել արխիվում, իսկ 9to5Google կայքը հրապարակել է մի շարք պատկերներ։ Ըստ նկարագրության՝ սա համակարգի պատմության մեջ ամենամշակված թարմացումն է. դրա ստեղծման ընթացքում իրականացվել է 46 փուլից բաղկացած ուսումնասիրություն՝ ավելի քան 18 հազար մասնակցի ներգրավվածությամբ։ Նոր դիզայնի նպատակն է բարձրացնել ինտերֆեյսի վիզուալ գրավչությունն ու պարզեցնել դրա օգտագործումը։

photo © Google


Material 3 Expressive-ի հիմքում ընկած են հագեցած գույները, արտահայտիչ ձեւերը, ավելի խոշոր տարրերը եւ հարթ անիմացիաները։ Google-ը պնդում է, որ այս փոփոխությունների շնորհիվ օգտատերերն ավելի արագ են գտնում անհրաժեշտ գործողությունները. թեստերի ընթացքում հաջողվում էր հիմնական տարրերը ճանաչել չորս անգամ ավելի արագ՝ ներկայիս ինտերֆեյսի հետ համեմատ։

photo © Google


Նշվում է, որ նոր համակարգը հարմար է բոլոր տարիքային խմբերի օգտատերերի համար։ Մասնավորապես, 45 տարեկանից բարձր մասնակիցներն ինտերֆեյսում այնքան արագ էին կողմնորոշվում, որքան երիտասարդները։ Սա հնարավոր է դարձել օգտատերերի ուշադրության մանրակրկիտ վերլուծության, տարրերի չափսերի եւ դիրքերի թեստավորման, ինչպես նաեւ տարբեր ոճային լուծումների ուսումնասիրության շնորհիվ։

photo © Google


Նոր դետալներից մեկն է «լողացող վահանակը»՝ կառավարման կոճակներով։ Այն ունի կաթիլանման ձեւ եւ չի ձգվում ամբողջ էկրանի լայնությամբ, ինչը թույլ է տալիս տեսնել ֆոնի մի հատվածը։ Բացի այդ, վերափոխվել է մի շարք հավելվածների արտաքին տեսքը, ներառյալ՝ «Ժամացույցը», լուսանկարների եւ ձայնային խմբագրիչները, վճարային ծառայությունները եւ թվային դրամապանակը։

Ընկերությունը չի հստակեցնում, թե երբ էր նախատեսում պաշտոնապես ներկայացնել Material 3 Expressive-ը։ Ըստ լուրերի, սակայն, շնորհանդեսը տեղի կունենա մայիսին՝ Google I/O համաժողովի ընթացքում։