Կայացել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Վարչապետը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

«Նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ՝ կարեւոր եւ լրացուցիչ խթան է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաեւ մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտությունը»,- նշել է նա:

Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու եւ Հայաստանի պետական մրցանակով պարգեւատրելու համար: Գիտնականը կարեւորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետեւողական իրականացումը: