OpenAI-ը կգնի արհեստական բանականության սարքավորումների ստարտափ, որը համահիմնադրել է Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը:

Գործարքի արժեքը կազմում է 6.5 միլիարդ դոլար։

Io նախագծի 23%-ն արդեն պատկանում է OpenAI-ին։ Մնացած բաժնեմասը, որի արժեքը գնահատվում է 5 միլիարդ դոլար, կվճարվի բաժնետոմսերով։ Գործարքը նախատեսվում է կնքել 2025 թվականի ամռանը։ Մնում է միայն կարգավորող մարմինների հաստատումը ստանալը։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է սպառողական սարքերի շուկայի համար թողարկել սկզբունքորեն նոր արտադրանք։ Առաջինը ծրարում են ներկայացնել 2026 թվականին։

Ինչ տեսք կունենա սարքը եւ ինչ խնդիրներ կլուծի դեռեւս չի բացահայտվում, բայց այն չի փոխարինի սմարթֆոնին։ WSJ-ի աղբյուրների համաձայն, երկու տարվա համատեղ աշխատանքի ընթացքում Ալթմանը եւ Այվը մտածել են ինչպես ականջակալ, այնպես էլ «տեսախցիկով սարք» ստեղծելու մասին։

Io-ի 55 հոգուց բաղկացած թիմը կմիանա OpenAI-ի անձնակազմին։ Այվը դա չի անի, եւ նրա LoveFrom ստուդիան կմնա անկախ, բայց միասին նրանք կզբաղվեն OpenAI-ի «դիզայնով եւ ստեղծագործական աշխատանքով»։ Խոսքը միայն ապարատային արտադրանքի մասին չէ, այլեւ ծրագրային ապահովման եւ մասնավորապես ChatGPT ինտերֆեյսի մասին։

Սա OpenAI-ի պատմության մեջ ամենամեծ գնումն է։ 2025 թվականի մայիսի սկզբին Bloomberg-ը հաղորդել էր, որ ընկերությունը նաեւ համաձայնել է 3 միլիարդ դոլարով գնել արհեստական բանականության կոդի խմբագրիչ մշակող Windsurf-ը։

Այվը լքել է Apple-ը 2019 թվականին եւ հիմնադրել LoveFrom դիզայներական ընկերությունը։ Դրանից հետո նա շարունակել է համագործակցել Apple-ի հետ, այդ թվում՝ VisionPro-ի մշակման ընթացքում։ 2022 թվականին NYT-ը հաղորդել էր, որ Apple-ի եւ Այվի միջեւ համագործակցությունն ավարտվել է։